«Ժառանգություն» կուսակցությունը կարող է չմասնակցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբի աշխատանքներին: Այսօր շտաբի անդամների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հանդիպման ժամանակ վերջինիս փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը պայման է դրել, որ շտաբի ձևավորման մասին փաստաթուղթը պետք է ստորագրեն նաև ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները:
Ըստ Հակոբյանի` եթե դա տեղի չունենա, ապա «Ժառանգությունը» «ձեռնպահ կմնա»:
Մյուս քաղաքական ուժերը փորձել են հստակեցնել, թե արդյոք ձեռնպահ մնալ նշանակում է հրաժարվել շտաբից, ինչին ի պատասխան Հակոբյանն ասել է, որ իրենք որոշումը կկայացնեն այն բանից հետո, եթե ուժերի առաջնորդները չստորագրեն փաստաթուղթը:
«Թեև նման որոշման դեպքում անձամբ ես կուսակցությունում կառաջարկեմ չմասնակցել շտաբի աշխատանքներին», – ասել է «Ժառանգության» փոխնախագահը և հավելել, որ ամեն դեպքում կուսակցությունը «կաջակցի շտաբին»:
ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանը և ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը փորձել են բացատրել, որ եթե քաղաքական ուժի ներկայացուցիչը ստորագրում է փաստաթղթի տակ, ապա դա հավաստում է, որ տվյալ կուսակցությունը կամ դաշինքը մասնակցում է աշխատանքներին:
Հակոբյանը նշել է, որ Լևոն Զուրաբյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունների միջև կա տարբերություն:
«Եթե Ձեզ պետք է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ես կբերեմ այն», – ասել է Զուրաբյանը, որից հետո ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը կատակել է. «Հաստատումը կբերեք, վիզան էլ հետը»: Ներկա քաղաքագետներից մեկն առաջարկել է նաև նոտարի հավաստագիր բերել, որից հետո քննարկման մասնակիցները սկսել են ծիծաղել:
Ռուբեն Հակոբյանը բարի աշխատանք է մաղթել շտաբին և լքել է դահլիճը, իսկ ներկաները շարունակել են քննարկել շտաբի աշխատանքներին վերաբերող ՀՅԴ-ի առաջարկը: