Ադրբեջանի վահաբիտները սպառնում են «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի ժամանակ քիմիական և սառը զենք կիրառելու միջոցով վրեժ լուծել Գյանջայում սպանված Վուղար Պադարովի համար:
Yerkir.am-ը, հղում կատարելով ադրբեջանական Tia.az կայքին գրում է, որ արմատականները հայտարարել են, որ «Եվրատեսիլը» մահմեդականների համար մղձավանջ է դարձել:
«Թող սատանայի անամոթ ծառաները չկարծեն, թե կարող են հանգիստ տեղաշարժվել մեր շեհիդների վերջին ննջավայր Ադրբեջանում: Նրանց դեմ հարձակումներ կկազմակերպվեն: Ո´չ Մոսսադը, ո´չ ՄԻ-6-ը, ո´չ ԿՀՎ-ն չեն կարող նրանց օգնել: Ո´չ հրազեն կկիրառվի, ո´չ պայթուցիկ: Մեզ բավական են քիմական և սառը զենքերը»,- սպառնացել են նրանք:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը մայիսին Բաքու այցելելու ցանկություն ունեցողներին արդեն զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին:
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության գործողությունների արդյունքում Գյանջայում ձերբակալվել է անօրինական զինված խմբավորման 17 անդամ: Ըստ տեղեկությունների` նրանք ծրագրում էին մի շարք ահաբեկչություններ իրականացնել հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու և խուճապ տարածելու նպատակով: Իրավապահների և զինյալների բախման հետևանքով զոհվել էր անվտանգության ծառայության մեկ աշխատակից և Վուղար Պադարովը: