Բանակում խաղաղ պայմաններում զոհված զիծառայողների ծնողներին ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնից մոտ երկու ամիս առաջ խոստացել են հանդիպում կազմակերպել կամ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն տվել:
Այս մասին այսօր Epress.am- ի հետ զրույցում ասել են զոհված զինծառայողներիի ծնողներից մի քանիսը, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում նախագահական նստավայրի մոտ:
«Կառավարության շենքի մոտ տեսանք Վիգեն Սարգսյանին (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար), այնուհետ եկանք այստեղ ու Աիդա Ասատրյանին (ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի ղեկավար) ներկայացրեցինք մեր պահանջը՝ հանդիպել նախագահին կամ գլխավոր դատախազին: Մինչ օրս մեզ խաբում են, թող ասեն, հնարավո՞ր է հանդիպել, թե՞ ոչ; Մեզ խաբել է հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ուղիղ տարի ու կես», – ասել է Կարճաղբյուրի զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:
Ակցիայի մասնակից ծնողները հարց էին տալիս՝ արդյոք Սերժ Սարգսյանին չի հուզում բանակում տիրող այսօրվա իրավիճակը:
«Վերջապես մեր երկրի նախագահին պիտի՞ հուզի մեր երեխեքի հարցը, թե՞ ուզում է կոտորեն, հնձեն մեր երեխեքին էս երկրի երեսից, տղա չմնա, թող մենակ իրենք մնան տղամարդ», – ասել է զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը: