37-ամյա Դավիթ Ծաղիկյանը այսօր, ժամը 10:00-ին պատրաստվում է անժամկետ հացադուլ սկսել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի մուտքի մոտ: Նման միջոցով նա բողոքելու է դատարանի այն որոշման դեմ, որի պատճառով ինքը չորս տարի, իր պնդմամբ` ապօրինաբար, զրկվել է զավակից, որն արդեն 6 տարեկան է, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Դավիթ Ծաղիկյանը թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դատաբժշկական փորձագետ Շոթա Վարդանյանը եզրակացություն է տրամադրել` իբր երեխան չի սերում իրենից, չնայած որևէ փորձանմուշ չի վերցվել Դավիթից: Հացադուլի պատրաստվող տղամարդն ասել է, որ ակցիան իրականացնելու է ԱԱԾ-ի մոտ, որովհետև դա ԱԱԾ-ի խնդիրն է: «Այստեղ արդեն երեխայի առքուվաճառք է տեղի ունեցել: Այլ կերպ չեմ կարող որակել: Ինչքա՞ն փող են վերցրել, որ իմ երեխայից զրկել են ինձ»,- հարցնում է Դավիթ Ծաղիկյանը, որը չորս տարի շարունակ ապարդյուն փորձել է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս գործում առկա բազում ապօրինությունների վրա:
«Հացադուլ կանեմ այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ պետը չընդունի ինձ, և չտեղեկացնեմ նրան: Կամ թող ասի` տեղյակ եմ, ընթացք կտամ», – ասել է Ծաղիկյանը:
Սա ընտանեկան այն պատմություններից է, երբ բաժանումից հետո, պատկան մարմինների որոշմամբ, փոքրիկ տղան մնացել է մոր միանձնյա խնամակալության ներքո: