Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ այսօր հացադուլ հայտարարած 37-ամյա Դավիթ Ծաղիկյանին ազատ են արձակել Ոստիկանության բաժանմունքից: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ծաղիկյանի պնդմամբ` ինքը բողոքում էր դատարանի որոշման դեմ, որի հետևանքով չորս տարի է` ապօրինաբար զրկվել է զավակից, ով արդեն 6 տարեկան է:
Ակցիա իրականացնողը զանգել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպություն և տեղեկացրել, որ իրեն մոտեցել է մի ոստիկան և 20 րոպեով հրավիրել Ոստիկանության բաժանմունք, որտեղ նրան ասել են, որ, եթե չդադարեցնի իր ակցիան, իր հանդեպ ուժ կկիրառեն: Ոստիկանությունից դուրս գալով` նա վերադարձել է ԱԱԾ շենքի մոտ, որտեղից, նախազգուշացման համաձայն, իրեն բերման են ենթարկել:
Ավելի վաղ Դավիթ Ծաղիկյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում պատմել էր, որ դատաբժշկական փորձագետ Շոթա Վարդանյանը եզրակացություն է տրամադրել` իբր երեխան չի սերում իրենից, չնայած որևէ փորձանմուշ Դավիթից չի վերցվել:
«Այստեղ արդեն երեխայի առքուվաճառք է տեղի ունեցել: Այլ կերպ չեմ կարող որակել: Ինչքա՞ն փող են վերցրել, որ իմ երեխայից զրկել են ինձ»,- ասել է Դավիթ Ծաղիկյանը, որը, իր պնդմամբ, չորս տարի շարունակ ապարդյուն փորձել է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս գործում առկա բազում ապօրինությունների վրա:
«Հացադուլ կանեմ այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ պետը չընդունի ինձ, և չտեղեկացնեմ նրան: Կամ թող ասի` տեղյակ եմ, ընթացք կտամ», – ասել էր Ծաղիկյանը: