Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իր հանդեպ կիրառված կարգապահական տույժը` Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հայտնել էր, որ ոչ միայն դատարան է դիմելու, այլև վարչապետին, որպեսզի նա որոշի ԿԳ նախարարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Ի պատասխան` իր Facebook-յան էջում Արմեն Աշոտյանը ռեկտորի պահվածքը որակել է տարօրինակ, իսկ անհամաձայնությունը հայտնելու արտահայտչամիջոցները` բարեկրթության բոլոր սահմաններն անցնող: ԿԳ նախարարությունը «Առավոտին» է տրմադրել որոշ փաստաթղթեր, ինչպես նաև Զոլյան-Աշոտյան նամակագրական ողջ «երկխոսությունը» «թեժ» թեմայի մասին:
Մասնավորապես, մարտի 14-ի նամակով Սուրեն Զոլյանը ԿԳ նախարարից թույլտվություն է խնդրել մարտի 19-23 մասնակցելու Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի հերթական 41-րդ նիստին: Նույն գրության մեջ նշված է, որ իր բացակայության ընթացքում ռեկտորի պարտականությունները կդրվեն պրոռեկտոր Գաբրիել Բալայանի վրա: Մարտի 15-ին Զոլյանին հասցեագրված նամակում նախարարը ծանուցել է, որ ԿԳ նախարարությունը քննարկել է հարցը և նպատակահարմար չի գտելռեկտորի մասնակցությունը տվյալ նիստին: Արդեն մարտի 22-ին պարոն Զոլյանին ուղղված նամակում Արմեն Աշոտյանը գրել է. «ՀՀ ԿԳ նախարարի 19,03,2012թ. թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովը մարտի 20-ից ուսումնասիրոթյուններ է սկսել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Հանձնաժողովի անդամներին ընդունել է բուհի պրոռեկտոր Գ.Բալայանը և տեղեկացրել, որ դուք բացակայում եք: Խնդրում եմ տալ բացատրություն ձեր բացակայության մասին»:
Այնուհետև մարտի 29-ին ևս մեկ ծանուցում է ուղարկվել Զոլյանին, որտեղ նշված է եղել, որ մարտի 19-23-ը անհարգի բացակայելու, ինչպես նաև այդ ժամանակահատվածում ռեկտորի պարտականությունները առանց լիազոր մարմնի որոշման պրոռեկտոր Բալայանին հանձնելու համար աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդածի համաձայն` ռեկտորի նկատմամբ կիրառվելու է կարգապահական տույժ:
Հղում անելով աշխատանքային օրենսգրքին` նախարարը ռեկտորին խնդրել է մինչև ապրիլի 5-ը գրավոր բացատրություն ներկայացնել: Ի պատասխան` Սուրեն Զոլյանը գրել է, որ նախարարի մոտեցումը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և այլ օրենքների պահանջներին, ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և կառավարության դրույթներին: Պարոն Զոլյանը նույն նամակում նաև հավելել է, որ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված չէ ԿԳ նախարարի` ռեկտորի գործուղման և գործուղման ընթացքում ռեկտորի պարտականությունները պրոռեկտորի վրա դնելու, ռեկտորին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը:
Ամեն դեպքում նախարարն անդրդվելի է` վկայակոչելով օրենքների և իրավական ակտերի մի շարք դրույթներ, գտնում է, որ ռեկտորը չի կատարել վերադասի հանձնարարականը և «վաստակել է» կարգապահական տույժը:
Հիշեցնենք, որ երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Աշոտյանի հրամանը, Զոլյանն ասել էր.
«Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով է դա կարող վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»:
Վերջինիս խոսքով` Աշոտյանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ ինքն այդ օրերին մասնակցել է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների նիստին, որի աշխատանքին կառավարոթյան անդամները չեն կարող միջամտել: Ռեկտորի խոսքով` նույն հաջողությամբ Աշոտյանն իրեն կարող էր «գլխատել կամ լուսին ուղարկել»: