Մահացած նորածինը 12 ժամ հիվանդանոցի դիահերձարանի սառնարանում անցկացնելուց հետո կենդանացել է:
Արգենտինայի Չակո գավառում բնակվող 26-ամյա Անալիա Բուտերը հղիության 26-րդ շաբաթում լույս աշխարհ էր բերել իր 5-րդ երեխային: Սակայն բժիշկներն ասել են, որ երեխան մահացած է ծնվել, և ծնողները հեռացել էին հիվանդանոցից մահվան վկայականով:
12 ժամ անց Անալիան և իր ամուսինը որոշել էին հիվանդանոց վերադառնալ` տեսնելու երեխայի մարմինը:
«Այդ գիշեր գնացինք դիահերձարան: Ուզում էինք լուսանկարել մեր դստերը: Բայց երբ դիահերձարանի աշխատակիցը բացեց խցիկը, լսեցինք մեր դստեր լացի ձայնը, նա կենդանի էր»,- պատմել է երեխայի մայրը:
Երեխան ծնվել էր առավոտյան 10:24-ին, իսկ 11:05 նա արդեն դիահերձարանի խցիկում էր: Աղջնակը 12 ժամ անցկացրել էր սառնարանում: «Ես անձամբ տեսա նրան` սառույցը մարմնին»,- ասել է մայրը:
Սկզբում բժիշկները հայտնել էին, որ երեխան մահացած է ծնվել, այնուհետև, որ նա մահացել է ծնվելուց որոշ ժամանակ անց, քանի որ չափազանց փոքրիկ էր ապրելու համար:
Հիվանդանոցի անձնակազմը չի կարողանում բացատրել տեղի ունեցածը մինչ հետաքննության ավարտը: Սակայն փաստ է, որ երեխայի մարմինը հետազոտել են մանկաբարձները և գինեկոլոգները և բոլորն էլ եզրակացրել են, որ երեխան մահացած է:
Հիվանդանոցի տնօրենը վստահեցրել է, որ միջադեպի մեղավորները անպայման կենթարկվեն պատասխանատվության: