Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբի աշխատանքների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանն ընթերցել է ՀՅԴ-ի առաջարկը, որը մյուս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ընդունել են` նշելով իրենց դիտարկումները:
Փաստաթղթում, մասնվորապես, ընդգծվում է, որ միջկուսակցական միասնական ընտրական շտաբի նպատակն է ընտրական իրավունքի լիարժեք և անկաշկանդ իրացումն ապահովող ընտրությունների անցկացման հանրային վերահսկողությունը:
Շտաբի հիմնական խնդրիներն են`
– Ձևավորել ընտրախախտումների փաստերի ապացույցների հավաքագրման հուսալի համակարգ,
– Իրականացնել ընտրական ողջ գործընթացի մշտադիտարկում` հետևողականորեն բացահայտելով ընտրակաշառքի, ընտրական նպատակով կատարվող բարեգործությունների, վարչական լծակների օգտագործման, ընտրողների պասիվության մղելու և այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների բոլոր դրսևորումները,
– Ընտրական հանձնաժողովներում հուսալի հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով ձևավորել անձանց ու դիտորդների լայն ցանց և համակարգել դրանց աշխատանքները,
– Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար ձևավորել իրավաբանորեն անխոցելի ապացույցների բազա:
Իսկ շտաբի աշխատակարգը հետևյալն է.
– Շտաբը ձևավորվում է մասնակից քաղաքական ուժերի կողմից առաջարկված մեկական ներկայացուցիչներով:
– Շտաբի նիստերի օրակարգը ձրավորվում է վերոնշյալ հիմնական խնդիրների շրջանակից բխող, քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկած` համադրման անհրաժեշտություն ունեցող հարցերով:
– Շտաբը որոշուներ է կայացնում` ձգտելով համախոհության նիստին ներկա քաղաքական ուժերի միջև: Համախոհության բացակայության դեպքում համաձայնության եկած քաղաքական ուժերը կարող են իրենց անունից հանդես գալ հայտարարությամբ:
– Շտաբի ընդունած որոշումները գործադրվում են մասնակից ուժերի ձևավորված սեփական շտաբերի միջոցով:
– Շտաբի նիստերը նախագահում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները հերթականությամբ` այբբենական կարգով, ռոտացիոն սկզբունքով:
– Շտաբի նիստերը գումարվում են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում, ոչ պակաս քան շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, կամ ըստ անհրաժեշտության` որևէ մասնակցի պահանջով:
Փաստաթղթի հրապարակումից հետո Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է` իրենք արձանագրում են, որ չորս քաղաքական ուժերը շարունակում են համագործակցել և միասնական շտաբում աշխատել, բոլոր ներկա գտնվող քաղաքական ուժերը համաձայնվել են, որ դա այդպես է:
Նշենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն այսօր փաստաթղթին իր համաձայնությունն է տվել, թեև նշել է, որ իր կուսակցությունը կարող է քննարկել շտաբից դուրս գալու հարցը, եթե ներկայացված քաղաքական ուժերի բոլոր ղեկավարների ստորագրությունը չլինի փաստաթղթի տակ:
Շտաբի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 18-ին, ժամը 11:00-ին: