Home / Տեսանյութեր / «Թքած ունեն». բնապահպանը բողոքում է սանձարձակ դատական համակարգից

«Թքած ունեն». բնապահպանը բողոքում է սանձարձակ դատական համակարգից

«Էկոդաշինք» կազմակերպության համակարգող, բնապահպան, Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Սիլվա Ադամյանը չափազանց վրդովված է այն փաստից, որ ապրիլի 10-ին Վարչական դատարանում կայացած դատական նիստին ներկա չեն եղել Երևանյան «Նեմո» դելֆինարիումի և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները:

Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իրենք ներքին հետաքննություն են սկսել՝ պարզելու համար ինչն է վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչների այդչափ ինքնավստահության պատճառը:

Հիշեցնենք, որ նշված օրը Վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, վերջնական վճիռ կայացնելով, մերժել է «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդադար» ՀԿ-ների հայցն առ այն, որ Բնապահպանության նախարարության փորձագետները պետք է Երևանյան «Նեմո» դելֆինարիումի շրջակա միջավայրի փորձաքննություն անցկացնեին ու հիմնավորեին Բնապահպանության նախարարության կողմից տրամադրված տվյալները, թե դելֆինարիումին տրամադրված տարածքը 1300 քմ է, այնինչ իրականում կազմում է 800 քմ: Դատարանում նշվել է, որ հարցը հ/կ-ի շահերին չի անդրադառնում և վճիռը չի կարող բավարարվել:

«Երբ մտա դատավորի քարտուղարի մոտ ու հարցրի՝ տեսնես ի՞նչ վճիռ կլինի, քարտուղարն ինձ ժպտաց, ես ասացի՝ միևնույն է, եթե անգամ վճիռն ի օգուտ մեզ չլինի՝ բեկանելու ենք ու բողոքելու ենք մինչև Եվրոդատարան: Երբ դատավորը կարդաց վճիռը, ես նրան ասացի, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ դելֆինարիումից ու Բնապահպանության նախարարությունից ներկայացուցիչ չկա: Ըստ երևույթին, նրանք կանխավ գիտեին, և ոչ թե գուշակում էին, այլև համոզված էին, որ դուք վճիռն ի օգուտ իրենց եք կայացնելու», – նշել է Ադամյանն ու հավելել, որ նրանց համար միևնույնն է, այդ իսկ պատճառով էլ չէին եկել դատական նիստի:

«Հակոբյանն ասաց` գիտե՞ք, դա այդպես չէ, ես պատասխանեցի, որ սրանում ինձ համոզել չեն կարող: Երբ ես մեր իրավաբան Լևոն Օհանյանի հետ դուրս էի գալիս, մեզ հետ դուրս եկավ նաև դատավոր Հակոբյանը, ինչ-որ տեղ գնաց ու երբ հետ եկավ, նրան ուղեկցող ոստիկանը մեր իրավաբանին կանչեց դատավորի սենյակ: Սենյակից դուրս գալով Լևոնն ասաց, որ դատավորն իրեն ասել է՝ գիտե՞ք, ես ամեն ինչ արեցի, փորձեցի, բայց չէի կարող, ձեր հայցը տեղին էր՝ օրենք է խախտվել, սակայն ոչինչ անել չկարողացա», – պատմել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ըստ երեևույթին դատավորի քարտուղարին հասել էր իր խոսքը, թե իրենք անկախ որոշումից բողոքելու են, ինչն էլ ազդել էր հետագա վճռի վրա:

«Ինձ նյարդայնացնում է այն փաստը, որ դելֆինարիումում ու Բնապահպանության նախարարությունում այնքան արխային են՝ թքած ունենալու աստիճան, որ նույնիսկ չէին բարեհաճել գալ ու վճիռը լսել», – շեշտել է Ադամյանն ու նշել, որ, այսքան հետևողական լինելով, իրենք մինչ օրս չեն կարողանում պարզել, թե ու՞մ է իրականում պատկանում երևանյան «Նեմոն»:

«Ինչ-որ մի կիսագրագետ աղջկա են ուղարկում, որը նույնիսկ դատարանում ելույթ ունենալ չի կարողանում, ասում են՝ գործադիր տնօրենն է: Իսկ ո՞վ է տնօրենը, նամակ ենք գրում՝ ոչ մի պատասխան: Սա պարզապես անօրինականությունների գագաթնակետն է: Գործ ունենք այս տեսակ սանձարձակ դատական համակարգի հետ ու ձեռ է առնում ՀԿ-ներին, մերժում նրանց հայցադիմումներն ու թքած ունի ամեն ինչի վրա», – եզրափակել է նա:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Հակոբյանն ասել էր, թե իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ կենդանիները առողջական վատ վիճակում են, իսկ դելֆինարիումի տնօրինությունը որոշել է նրանց դուրս բերել Հայաստանից՝ պատճառաբանելով, թե տանում են շրջագայության: