Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպման նախաձեռնող Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը նախօրեին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում անցկացված բողոքի ակցիայի, փառատոնի կազմակերպիչների հանդեպ սպառնալիքների և նրանց դեմ նախապատրաստվող միջոցառումների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել:
Հայտարարության մեջ ասվում է. ««STOP» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ հերթական զրպարտանքի արշավն է սկսվել:
ԶԼՄ-ներում և ապրիլի 11-ին Գյումրիում անցկացված հանրահավաքում կեղծ տեղեկություններ են տարածվել փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի և միջոցառման նպատակների մասին: Պետական և հասարակական գործիչների կողմից ուղիղ սպառնալիքներ են հնչեցվել` թույլ չտալու համար փառատոնի անցկացումը օրենքի խախտման գնով: Նրանց ելույթները միջոցառման կազմակերպիչների, ինչպես նաև փառատոնի անցկացման համար տարածք տրամադրած կազմակերպության` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և փառատոնն այցելել պատրաստվող քաղաքացիների հանդեպ բռնի գործողությունների կոչեր էին պարունակում:
Հիմնվելով ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ հանրահավաքը լուսաբանող հայկական ԶԼՄ-ների ռեպորտաժների և տեսանյութերի վրա, հաշվի առնելով ականատեսների վկայությունները` հայտարարում ենք, որ փառատոնի շուրջ արհեստական լարվածության ստեղծման, հնարավոր սադրանքների և բռնության դրսևորման համար պատասխանատվություն է կրում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի գլխավորությամբ իրականացվում է տեռորի քարոզչությունը»:
Նախօրեին «Ոչ ադրբեջանական ֆիլմերին» հանրահավաքի ժամանակ Գյումրիում քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես չեմ հավատում, որ նրանք հայ ազգից են սերում, նրանց արյան մեջ հոսում է թշնամու արյունը: Նման մարդկանց պետք է վռնդել Գյումրիից»:
Բողոքի ակցիայի ընթացքում որոշվել է ապրիլի 12-ին` 11:00-ին պիկետ անցկացնել լրագրողների «Ասպարեզ» ակումբի շենքի մոտ և արգելել փառատոնի մասնակիցների մուտքը շենք: Նրանց գործողությունները կորդինացնելու է հատուկ շտաբը:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել իր մտքից և տարածքը տրամադրելու է փառատոնի կազմակերպիչներին:
«Հարցը կարող է ունենալ երկու կողմ՝ իրավական և բարոյական: Իրավական առումով՝ Հայաստանում գոյություն չունի որևէ օրենք նման ցուցադրությունն արգելելու համար: Բարոյական առումով՝ փորձում են շահարկել պատմական դրվագները, մեր զոհերի արյունը և այլն: Նույն տրամաբանությամբ` ինչո՞ւ են թուրքական կինոներ ցուցադրում «Ոսկե ծիրան» փառատոնին, ինչո՞ւ են մոռանում Ավարայրի ճակատամարտը և պարսիկ ռեժիսորին մրցանակ տալիս: Ես անձամբ Գեորգի Վանյանի հետ շատ տեսակետներ չեմ կիսում, սակայն դա չի նշանակում, որ նա իրավունք չունի ֆիլմ ցուցադրի Հայաստանում», – ասել էր Լևոն Բարսեղյանը:
Լուսանկարը` hraparak.am