Home / Հայաստան / Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, Հայաստանը թաքցնում է իրական ներուժը

Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, Հայաստանը թաքցնում է իրական ներուժը

Ըստ ամենայնի, առաջիկայում Հարավային Կովկասում ռազմական բախումներ են ակնկալվում: Ե´վ Ադրբեջանը, և´ Հայաստանը ակտիվորեն զինվում են: Այն դեպքում, երբ Ադրբեջանը գերժամանակակից զենք է ձեռք բերում և չի թաքցնում դա, Հայաստանի վերջին ձեռքբերումների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է Vesti.Az-ը` հղում կատարելով ամերիկյան հայտնի WNWI ռադիոկայանին:

«Ամերիկացի փորձագետները, ուսումնասիելով Strategy Page վերլուծական կայքի տվյալները, եզրակացնում են, որ նման զինումը հատուկ է այնպիսի պետություններին, որոնք արդեն կողմնորոշվել են, որ շատ շուտով պատերազմ են սկսում` միաժամանակ ձեռքի տակ ունենալով գործողությունների հատուկ ծրագիր: Ադրբեջանի կողմից գնված մեկ անօդաչու Heron սարքը կարող է միաժամանակ 6 օբյեկտների հետևել, որոշել կործանիչների, ուղղաթիռների և հրթիռների թիրախները: Պարզ է նաև, որ ոչ մի երկիր նման փողեր չի ծախսի միայն նրա համար, որպեսզի դրանք ցուցադրի շքերթի ժամանակ: Հարավային Կովկասում պատերազմն անխուսափելի է», – ընդգծել է ամերիկյան ռադիոկայանը:

WNWI նշում է, որ երկրի ռազմական ներուժի մասին դատողություններ չի կարելի անել միայն երկրում անցկացվող ռազմական շքերթներից:

«Ե´վ Ադրբեջանը, և´ Հայաստանը կիսով չափ թաքցրել են իրենց ռազմական պոտենցիալը: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը գերազանցում են Հարավային Կովկասի իր հարևան երկրների ռազմաօդային ուժերին ինչպես որակային առումով, այնպես էլ իր ժամանակակից տեխնիկայի առկայությամբ: Բայց, չգիտես ինչու, Հայաստանը բոլորին ցուցադրում է ռազմաօդային ուժերի հնացած զինանոց, որը բաղկացած է Су-25 հարձակվողական սարքերից, ինչպես նաև մի քանի ռազմական МИ-24 ուղղաթիռներից: Դժվար է հավատալ, որ Հայաստանը ցույց է տվել իր ամբողջ կարողությունը»,-եզրափակել է ռադիոն:

Լուսանկարը` mil.am