Դեռևս փետրվար ամսին «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպություննները ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին դիմում էին ներկայացրել` խնդրելով սահմանադրական դատարանի շրջանակներում կազմակերպել գիտական քննարկում էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող և հասարակական լայն հնչեղություն ստացած որոշ հիմնախնդիրների վերաբերյալ: Այսօր ՍԴ նախագահին ուղղված բաց նամակում «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խումբը հիշեցնում է, որ ուղարկված դիմումում վեր են հանվել Սահմանադրական դատարանի գործունեության հետ անմիջականորեն առնչվող մի շարք հիմնախնդիրներ, որոնք իրավակիրառական պրակտիկայում երկակի են մեկնաբանվում:
«Հետևապես, միջազգային պայմանագրերի դրույթները ճիշտ ընկալելու և միանշանակ մեկնաբանելու համար սահմանադրական դատարանը պետք է ձեռնարկի իրավիճակից թելադրվող քայլեր: Խոսքը, ի թիվս այլոց, վերաբերում է դատարանի որոշմամբ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայում (Օրհուսի կոնվենցիա) ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև ՍԴ որոշմամբ «actio popularis» ինստիտուտի կիրառման վերաբերյալ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությանը», – նշում են բաց նամակի հեղինակները:
Բնապահպանները նշում են, որ շարունակում են մնալ այն կարծիքին, թե սահմանադրական դատարանը կարևոր հաստատություն է երկրում ժողովրդավարության, սահմանադրականության և իրավունքի գերակայության ձևավորման ու ամրապնդման համար, սակայն, միևնույն ժամանակ, հորդորում են Գագիկ Հարությունյանին պատվախնդիր կեցվածք դրսևորել սահմանադրական դատարանի որոշումներն իրապես կյանքի կոչելու` Դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը պահպանելու համար, այլապես «սահմանադրական արդարադատության ինստիտուտը դառնում է առարկայազուրկ, ձևական եզրույթ»:
«Սահմանադրական դատարանի գործունեության և դերի նկատմամբ հասարակության ընդգծված հետաքրքրության պայմաններում անհասկանալի է, թե ինչու սահմանադրական դատարանի նախագահը մինչ օրս չի արձագանքում մեր շատ կոնկրետ առաջարկներին` էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող հիմնահարցերի շուրջ քննարկում ծավալելու, այդ առնչությամբ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների պարզաբանման նպատակով: Այդպիսի քննարկումը հենց սահմանադրական դատարանի համար հանդիսանում է մի պատեհություն հանրությանը ներկայացնելու իր ծանրակշիռ դերը և գործուն շահագրգռվածությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, սահմանադրականության հաստատման գործում և հավաստել, որ Դատարանն իսկապես ինքնուրույն և պետության համար անհրաժեշտ հաստատություն է և ոչ թե օրենսդիր, գործադիր մարմինների և դատական ատյանների անօրինական գործողությունները լեգիտիմացնող ձևական կառույց:
Ակնկալում ենք սեղմ ժամկետներում ստանալ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի արձագանքը ներկայացված դիմումի վերաբերյալ, այլապես հասարակությունը ստիպված է լինելու արձանագրել Սահմանադրությամբ նախատեսված հերթական մարմնի` սահմանադրական դատարանի, դեկլարատիվ լինելու փաստը, որի որոշումները չունեն բովանդակային իրավական արժեք իսկ արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավաբանական ուժ», – եզրափակում են դիմումի հեղինակները: