Home / Հայաստան / ՀՀԿ-ականները Facebook-ում մարդ են հավաքագրում, խնդրում են տալ անձնագրի պատճենը

ՀՀԿ-ականները Facebook-ում մարդ են հավաքագրում, խնդրում են տալ անձնագրի պատճենը

Հանրապետական կուսակցության երիտասարդ անդամները շարունակում են փողով ակտիվիստների հավաքագրել, ովքեր գումարով կարող են ՀՀԿ-ի համար քվեարկողներ բերել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթը նշում է, որ երիտհանրապետականները ֆեյսբուքյան արշավ են սկսել` նամակներ գրելով պատահական մարդկանց, որր սկսվում է` «Իսկ դուք արդեն որոշե՞լ եք` ում եք ընտրելու» նախադասությամբ։ Եթե նամակ ստացողը նշում է, թե կողմնորոշված չէ, ապա արդեն գնամ է ՀՀԿ-ին ընտրելու հորդորն ու ապա նաև հիշատակում այն մասին, որ ցանկության դեպքում նամակի հասցեատերը կարող է նաև գումար աշխատել։

Այդ նպատակով երիտհանրապետականները նախ ճշտում են, թե քանի հոգի կա ընտրացուցակում նամակի հասցեատիրոջ ընտանիքից, ապա հավելում են, թե շատ բան անել պետք չէ՝ ընդամենը անհրաժեշտ է անձնագրի պատճենը, որը հասցեատերը պետք է տանի այնտեղ, որտեղ կասի նամակի հեղինակը։

Ի դեպ, երեկ նման նամակ է ստացել նաև «ՉԻ»-ի լրագրողը, ով զրուցել է նամակի հեղինակի հետ, սակայն վերջինս զրույցի կեսից իր համար պարզելով, որ նամակ է ուղարկել լրագրողի, ով այդ մասին արդեն տեղեկություն է հրապարակել իր պատին՝ խնդրել է պատից ջնջել իր նամակի մասին գրառումներր՝ չմոռանալով նշել, որ հակառակ պարագայում ինքը կապաակտիվացնի Ֆեյսբուքի իր էջը, որպեսզի նամակագրությունը կորչի։ Երիտհանրապետականր որոշ ժամանակ անց իրոք ապաակտիվացրել է իր էջր, սակայն լրագրողը մինչ այդ հասցրել էր ողջ նամակագրությունը սքրինշոթ անել՝ տեսապատճենել։

Թերթը ուշագրավ է համարում այն փաստը, որ նամակի հեղինակ ներկայացած ոմն Տաթև Սարգսյանի ընկերների ցանկում էին Տարոն Մարգարյանը, Արտակ Զաքարյանը, ՀՀԿ-ի բազմաթիվ տարածքային կառույցների էջերը, իսկ լուսանկարի փոխարեն էլ ՀՀԿ-ի զինանշանն էր։