Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը՝ եվրոպացի չինովնիկին. «Բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել»

Սերժ Սարգսյանը՝ եվրոպացի չինովնիկին. «Բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել»

ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ և այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը:

Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԽ դերը մարդու իրավունքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման և զարգացման գործում՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ-ին կարևոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, երկրի ղեկավարի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը:

Սերժ Սարգսյանը և ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր: