«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հանդիպումների շրջանակներում ապրիլի 26-27-ը Սյունիքի մարզում նախատեսված հանդիպումներն ըստ ամենայնի ուշագրավ են լինելու։
Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանն օրերս խորհրդակցություն է կազմակերպել, որին հրավիրել է բոլոր տարածքային ղեկավարներին և խիստ հրահանգել նրանց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցելության ժամանակ թույլ չտան մարդիկ բերել, գրում է «Հրապարակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին։
Համաձայն թերթի, մարզպետն ասել է նաև, թե՝ ոնց ուզում եք, այդ մասին հասկացրեք ԲՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարներին և կանխեք։
ԲՀԿ մարզային կառույցների ղեկավարները լուրը հասցրել են ղեկավարությանը։
«Հրապարակը» նշում է, որ այժմ Ծառուկյանը որոշել է հարևան մարզի՝ Վայոց ձորի ընտրողներին հասցնել Սյունիք։
Վայոց ձորի մարզպետը ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն է, ով նաև մարզի կուսակցական կառույցի ղեկավարն է։ Ըստ որոշ լուրերի, մոտ 15 ավտոբուս է նախատեսված Վայոց ձորից մարդկանց տեղափոխելու համար։
«Մարզպետը չի կարող մեր հավաքներին խոչընդոտել», – թերթի հետ զրույցում ասել է Սյունիքի ԲՀԿ մարզային խորհրդի նախագահ Կամո Հարությունյանը: Նա, այնումենայնիվ, նշել է, որ մարզպետի նման մտադրության մասին խոսակցություններ քաղաքում պտտվում են:
«Բայց ես հաստատ համոզված եմ, որ մարզպետը ոչ կուզենա ըտենց բանի գնա, համ էլ չի կարա», – ասել է Հարությունյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այդ առնչությամբ թերթին ասել է.
«Երբ լինի հանդիպումը, ինքներդ կլսեք ու կտեսնեք, թե որքան մարդ կլինի։ Անձամբ մասնակիցներին կհարցնեք, թե ով որտեղից է եկել՝ մասնակցելու հանրահավաքին»։