Այսօր կեսօրին Սև Ղուլ կոչվող ամրոցի մոտ սպանել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա նշանածին: Այս մասին գրում է aravot.am-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Ըստ «Առավոտի» աղբյուրների, քաղաքապետը իր միջնեկ դստերը նշանել էր օրերս, ու փաստացի այս երիտասարդը դեռ չէր հասցրել մտնել փեսայի դերի մեջ: Երիտասարդի ծնողները բնակվում են ԱՄՆ-ում: Թե ո՞րն է եղել նրան կյանքից զրկելու պատճառը, դեռ անհայտ է, սակայն սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, որը, ըստ «Առավոտի» ոստիկանական աղբյուրների, դեպքի վայրից դիմել է փախուստի:
«Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է գտնվում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ, երիտասարդ պատգամավորի հայրը` Կամո Գրիգորյանը, նրանց քավորն է: Եթե ի նկատի ունենանք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի ու ԲՀԿ-ական պատգամավորի ջրերը մի առվով չեն հոսում, չի բացառվում, որ սպանությունը կատարված լինի նաև քաղաքական հողի վրա: Սակայն սա սոսկ Գյումրիում տարածված վարկած է», – գրում է «Առավոտը»: