Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը` Նարինե Միրզոյանը, որն ընդգրկված էր Հանրապետականյ կուսակցության մեծամասնական ցուցակում 116-րդ համարի տակ, ինքնաբացարկի դիմում է գրել:
Միրզոյանի հայտարարությունը 08:30-ի սահմաններում Facebook-ի իր էջում հրապարակել է Տիգրան Խզմալյանը, ով մշտապես քննադատում է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը իշխանությունների դեմ պասիվ պայքար մղելու համար:
«Վերջին օրերին իմ անվան շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է ինձ բացատրություններով հանդես գալ հասարակության առջև: Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ ` այն ուսումնական հաստատության, ուր սովորել եմ ու աշխատել երկար տարիներ և որի ստեղծման ու զարգացման հետ կապված եմ ընտանիքիս երեք սերունդներով: ԵՊԲՀ-ը միշտ և հատկապես այժմ եղել ու մնում է ինձ համար հարազատ ու մտերիմ: Ասում եմ այս ամենը, որովհետև ամենից շատ ցանկանում եմ իմ կատարած սխալի պատճառով առաջացած խնդիրներից զերծ պահել իմ հարազատ համալսարանը և նրա ղեկավարությանը: Սխալս կայանում է նրանում, որ, չլինելով որևէ քաղաքական կուսակցության անդամ և լավ չպատկերացնելով ընթացիկ նախընտրական գործողությունների տրամաբանությունը, ես ընդգրկվեցի Հանրապետական կուսակցության ընտրացուցակի մեջ: Ընդգծում եմ, որ արել եմ դա սեփական թյուրըմբռնման պատճառով, որի համար ողջ պատասխանատվությունը` ինչպես բարոյական, այնպես և վարչական` կրում եմ ինքս: Ցանկացած աշխատող հայ կնոջ պես, կյանքիս երկու գլխավոր կենտրոններն եմ համարում ընտանիքս ու աշխատանքս, իմ դեպքում` գիտությունն ու մանկավարժությունը: Պետք է խոստովանեմ, որ քաղաքականությունը իմ հետաքրքրությունների մեջ երբեք չէր մտնում ու ես հենց այս պատճառով անհրաժեշտ եմ համարում դիմել խնդրանքով` ընդունել ՀՀԿ ընտրացուցակից իմ ինքնաբացարկը», – նշում է Նարինե Միրզոյանը:
Ավելի վաղ Տիգրան Խզմալյանն իր մեկնաբանության մեջ գրել էր, որ «ՀՀԿ ընտրացուցակում կնոջս` Նարինե Միրզոյանի հայտնվելու թյուրիմացությունը հոդս է ցնդել. նա ներկայացրել է ինքնաբացարկի պաշտոնական դիմումը»:
« Հուսով եմ, որ այս զավեշտական պատմության շուրջը ստեղծված չարախնդության խրախճանքն ավարտվելու է, քանզի այն արտացոլում է միայն դրա սպասավորների այտուցված գավառականությունն ու անառողջ երևակայությունը», – նշել էր Խզմալյանը, ով ավելի վաղ նշել էր, թե կինը չի իմացել ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու մասին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան, սակայն, Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշել է, որ Խզմալյանի կինն ինքն է ցանկացել ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: