Ընտրություններին ընդառաջ «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը կուսակցությունների բնապակպանական ծրագրերի ուսումնասիրություն և գնահատում է կատարում:
Այսուհետ կազմակերպության գնահատականները կհրապարակվեն ecolur.org կայքէջի նոր` «Ընտրություններ. Էլոլոգիա» բաժնում:
«Առաջինն ուսումնասիրության են ենթարկվել իշխանական ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ծրագրերը: Մենք ուսումնասիրել ենք նրանց 2007թ. ծրագիրը և համեմատել, թե ինչ ունենք հիմա»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը` հավելելով, որ բնապահպանական հիմնահարցերի հիմնական պատասխանատուն կոալիցիոն ուժերն են, քանի որ այդ կուսակցությունների ներկայացուցիչներն են զբաղեցնում Բնապահպանության, Առողջապահության, Էներգետիկայի նախարարների և Երևանի քաղաքապետի պաշտոնները:
Բնապահպանը նշել է, որ, օրինակ, ՀՀԿ-ի 2007թ. նախընտրական ծրագրում գրված է, որ ընտրվելու դեպքում կուսակցությունը կբարեկարգի Երևանը, կլուծի Սևանի խնդիրը, Հայաստանի անապատացման հիմնահարցերը: Այժմ հրապարակված է դեռ միայն Երևանի մասով վերլուծությունը: Բնապահպանական հետևյալ խնդիրներն են առանձնացվել. Մաշտոցի այգի` կանաչ գոտին հատկացվեց բուտիկների համար, Ուսանողական այգի` կանաչ գոտում կառուցվեցին կապիտալ շինություններ, Կոմիտասի անվան այգի` «Նեմո» դելֆինարիումի անօրինական կառուցում, Դալմայի այգիների միջով անցնող արագընթաց մայրուղու կառուցման նախագիծ, Սուրենյանց փողոցի այգու տարածքում ռեստորանի շինարարություն, Նալբանդյան 106/1 հասցեում բազմահարկ շինության անօրինական կառուցում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Տերյան 62 հասցեում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Իսահակյան 28 հասցեում, անօրինական շինարարություն Մալաթիա – Սեբաստիա համայնքում, անօրինական ծառահատում Կոմիտաս 60 հասցեում («Էկոլուրը» նշում է, որ հնարավոր չի եղել լիակատար ստուգումներ անցկացնել ԱԺ-ում Հանրապետական կուսակցության պագամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքում):
«Այժմ մեծ աղմուկ է բարձրացրել Մաշտոցի այգու խնդիրը` նախընտրական ֆոնի վրա, սակայն հիշենք, որ 20,000 ստորագրություն հավաքվեց Ուսանողական այգին փրկելու համար, բայց բանի տեղ չդրեցին»,- ասել է Ինգա Զառաֆյանը:
«ՀԱԿ-ի էկոլոգիական հայեցակարգը շատ ծավալուն են, խորը վերլուծություն կանենք: «Ժառանգության», ՀՅԴ-ի և այլ կուսակցությունների ծրագրերը ևս պետք է ուսումանիրենք: Կարևորը սակայն ծրագրերը չեն: ՀՀԿ-ի ծրագիրը չորս նախադասություն էր, մենք համաձայն ենք, հարցը դա չէ: Հարցը այն է` կյանքի կկոչվեն դրանք, թե` ոչ: Մեր այս նախաձեռնությունը հենց դրանով եմ կարևորում, որ կուսակցությունները կիմանան, որ պատասխան են տալու»,- ասել է Զառաֆյանը: