Ապրիլի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2012 թվականի հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին և ձեռնարկվող քայլերին, որոնք, ըստ Նալբանդյանի, ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ:
ՀՀ ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական և ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարևոր դրական մթոնոլորտի ձևավորմանը: