Թուրքիայում երկու հասարակական կազմակերպություններ` «Human Rights Association» -ը (Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիան) և «Say “No” to Racism Initiative» («Ոչ» ասա ռասիզմին նախաձեռնությունը) մտադիր են ապրիլի 24-ին մի քանի ցույց անցկացնել` նվիրված «1915 թվականին Օսմյան Կայսրության կողմից հայերի արտաքսման 97-րդ տարելիցին և ռասիզմի դատապարտմանը»:
«Մենք այս միջացառումների անցկացումը հիմնավորում ենք մեկ նախադասությամբ. Հայերի Ցեղասպանության ճանաչումը արտացոլում է էթնիկ, օրինական, քաղաքական և հասարակական պատասխանատվության լիարժեք իրականացումը»,-Hurriyet Daily News-ի հետ զրույցում ասել է Human Rights Association իրավապաշտպան կազմակերպության անդամ Այշե Գյունայսուն:
Հիմնական ցույցը տեղի է ունենալու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
«Սուտը ոչ մի պարագայում չի կարող հավետ գերիշխել, եթե մենք ցանկանում ենք տեսնել ճշմարտությունը»,- ասել է Գյունայսուն:
Նշենք, որ այս երկու Հ/Կ-ները նախորդ տարի ապրիլի 24-ին նմանատիպ ցույցեր էին կազմակերպել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, և Թուրքիայի այլ գավառներում:
Գյունայը նաև հիշեցրել է նախորդ տարի ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերում սպանված հայազգի Սևակ Շահին Բալիկչիի դեպքը, ում սպանության մանրամասները դեռևս չեն բացահայտվել: Նշենք, որ Բալիկչիի ընտանիքի փաստաբանները, կապելով դեպքն այն հանգամանքի հետ, որ սպանությունը տեղի էր ունեցել Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված օրը`ապրիլի 24-ին, հայտարարել էին, որ սպանությունը պատահականություն չի եղել, ինչպես ներկայացվել էր պաշտոնական վարկածում: