Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀՀԿ հանրահավաքից առաջ 7-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրված օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մոտեցել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանին ու առաջարկ արել:
«Մեր ախպորն ասա, թող իմ հիմնադրամին մի քիչ փող փոխանցի, էլի», – բազմաթիվ լրագրողների ներկայությամբ ասել է Ալեքսանյանը:
Թերթը նշում է, որ «մեր ախպեր» ասելով` նկատի է ունեցել «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, նույն ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանին:
«Անցած տարի երկու միլիոն փոխանցել ենք, հլը յոլա գնա, մինչև տեսնենք», – թերթի փոխանցմամբ, օլիգարխի հումորային արշավը շարունակելով, ասել է Հայկ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը երկու այլ օլիգարխների` Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի հետ դատի էին տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին զրպարտության համար: Դատարանի վճռի համաձայն, թերթը 2-ական միլիոն դրամ էր փոխանցել նրանց հաշվին: