Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիայում էր: Ավանդույթի համաձայն, դիմելով տեղի բնակիչներին հորդորեց քվեարկել ՀՀԿ-ի, իսկ մեծամասնականով` ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանի օգտին:
«Երկիր» թերթի փոխանցմամբ` երբ նախագահը հնչեցրեց Սամվել Ալեքսանյանի անունը, հավաքվածներն ավելի ոգևորությամբ արձագանքեցին, քան այն ժամանակ, երբ խոսքն ավարտեց: Արդեն նախագահի ելույթի ավարտին առեղծվածը բացահայտվեց. ներկաները թերթի թղթակցին պատմել են, որ իրենք աշխատում են Սամվել Ալեքսանյանին պատկանող հաստատություններում:
«Բոլորիս մեկ մարդու նման հավաքեցին, բերեցին, թե ինչու` մենք էլ չենք հասկանում»,- բողոքել է ներկաներից մեկը: Մյուսն էլ արձագանքել է. «Լավա էլի, գործից պրծանք, ես երկրորդ սմեն էի, բայց ասել են միտինգից հետո տուն կգնաք»:
Ներկաներից մի կին էլ պատմել, որ իրենց դպրոցում են հրահանգել գալ և մասնակցել հանրահավաքին: Մի տատիկ էլ երանությամբ, բարձրաձայն մտածում էր, որ եթե Սուրբ Զատկին «մի յաչեյկա ձու, մի գինի ու մի կգ բրինձ են տվել, տեսնես մայիսի 6-ի ընտրակաշառքն ի՞նչ կլինի»: