Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան բանավեճը երկուշաբթի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում չի կայանա, քանի դեռ չկա բանավիճող կողմերի փոխհամաձայնությունը: Այս մասին Epress.am-ին փոխանցել է «ԱրմՆյուզ»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
«Քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ցանկություն հայտնել բանավիճել Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ, սակայն այս պահի դրությամբ չկա վերջիններիս համաձայնությունը, հետևաբար երկուշաբթի նման ձևաչափով հաղորդում «Արմնյուզ»-ի եթերում չի լինելու», – նշել է «ԱրմՆյուզ»-ի տնօրենը:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է ընդունել ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը:
Ըստ Փաշինյանի` քանի որ Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ձևաչափը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ինքը` որպես Հայ ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, պատրաստ է բանավիճել Հայրապետյանի հետ երկուշաբթի` ապրիլի 16-ին, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում:
«Հիշեցնելով, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Նշված օրը եւ ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում և ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ», – հայտարարել էր Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում իր դեմ առաջադրված Գայանե Առուստամյանի` իր հետ բանավիճելու առաջարկին, հայտարարել էր, որ ինքը կնոջ հետ չի ցանկանում բանավիճել:
ՀՀԿ-ականը կոչ էր արել ՀԱԿ-ի առաջին տասնյակում ընդգրկված տղամարդկանց, բացի երրորդ համարից, ով իր ընկերն է («Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը-խմբ.), գալ և բանավիճել իր հետ: