Ինչպե՞ս են երկիր կորցնում: Այս հռետորական հարցն այսօր Սևանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հավաքված մարդկանց տվել է Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և կարճ պատմական ակնարկ ներկայացրել:
Նրա խոսքով՝ Արևմտյան Հայաստանը չեն կորցրել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո:
«Այդ երկիրը մենք կորցրինք դրանից առաջ, երբ 1878 թվականին Հայկական հարցը դարձավ միջազգային հարց և աշխարհը միջամտեց Թուրքիայի ներքին գործերին: Թուրքիան այդ օրվանից որոշեց բնաջնջել հայերին: Եվ ինչ արեց, սուլթան Աբդուլ Համիդը շատ մի պարզ բան արեց. մինչ այդ Թուրքիայի գյուղացիությունը հարկերը վճարում էր բնամթերքով: Ինչքան ցորեն ես արտադրում, դրա տաս տոկոսը հանձնում ես պետությանը: Սա կոչվում էր բնամթերք: Տաս տոկոսը եկեղեցուն, տաս տոկոսը տեղի բեկերին, մնացածով ապրում էր: Համենայնդեպս, ժողովուրդն այդքան հարկեր վճարելուց հետո էլ կարողանում էր ապրել: Ինչ արեց, ասեց` վերջ, սրանից հետո հարկերը դուք պետք է վճարեք դրամով, փողով: Արևմտյան Հայաստանը աշխարհից կտրված մի երկիր էր, ոչ երկաթգիծ կար, ոչ ճանապարհներ: Ինչպե՞ս պետք է այդ գյուղացին իր բերքը արտադրեր, վաճառեր և հետո փողով իր հարկերը վճարեր: Անհնար էր դա: Ի՞նչ արեցին՝ ստիպված ամբողջ Արևմտյան Հայաստանի երիտասարդությունը՝ լքելով իր ընտանիքները, գնաց Տրապիզոն, գնաց Ստամբուլ, գնաց Իզմիր, նավահանգստային քաղաքներ և պարզապես բեռնակրությամբ զբաղվեց, որպեսզի մի քանի ղուրուշ, մի քանի կոպեկ վաստակեն, ուղարկեն տուն և դրանով կարողանան վճարել հարկերը և որպեսզի իրենց կանայք, հայրերը, ծերերը հողը մշակեն և ինչ-որ կերպ կարողանան ընտանիք պահել: Եվ այդպես կամաց-կամաց, բոլորն ընկան վարկի տակ, պարտքերի տակ ու աստիճանաբար սկսեցին իրենց հողերը վաճառել քրդերին ու հեռանալ Հայաստանից: Հիմա նույն բանն է կատարվում: Հայ գյուղացին իր տունը, հողը դրել է վարկի տակ, ընկել պարտքերի մեջ, գնում է խոպան, մի քանի կոպեկ վաստակում, բերում է այստեղ, տալիս այն մարդկանց, որոնք իրենցից գնել են իրենց հողերը: Ստիպված դառնում տնազուրկ, իսկ տնազուրկը, հողազուրկը դառնում է ընդհանրապես հայրենազուրկ», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա նշել է, որ հենց այդ ճանապարհով է երկիրը կորսվում: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ վերջին 14 տարում Հայաստանը մեկ միլիոն մարդ է կորցրել:
«Սա այնպիսի մի բան է, որ մոնղոլներն անգամ հասկանում էին: Ես մի անգամ այս իշխանությանը համեմատեցի մոնղոլական խանության հետ՝ նեղացան: Ինչի՞ց եք նեղանում: Մոնղոլական խանությունը շատ ավելի քաղաքակիրթ և կազմակերպված պետություն էր, քան այս պետությունը: Երկու փաստ բերեմ. կար մի Մանգու խան, շատ հայտնի խան, որի մոտ գնաց Հայոց թագավոր Հեթումը՝ Կիլիկիայից մինչև Կարակորում, մինչև Մոնղոլիա: Այդ ճանապարհորդությունը տևեց մեկ տարի, ետդարձը ևս մեկ տարի՝ ձիով: Ճանապարհը մի ֆանտաստիկ ճանապարհ էր: Երկու տարի տևեց, և ինչի համար գնացել էր Հայաստանի անկախությունը պաշտպանելու և մոնղոլ խանից ստացավ Հայաստանի անկախ թագավորի տիտղոսը: Հեթում թագավորի շնորհիվ, բոլոր քրիստոնյա եկեղեցիներին ազատեցին հարկերից: Դրանից երեք տարի հետո Մանգու խանն իր ամբողջ խանության մեջ 1257 թվականին մարդահամար անցկացրեց երկու բանի համար: Նախ՝ որպեսզի կարողանա հաշվել զորակոչիկներին, երկրորդ՝ որպեսզի հարկերը թեթևացներ, որովհետև մինչև այդ մոնղոլ հարկահաններն ահագին կամայականություններ էին գործում, կեղեքում էին ժողովրդին: Մարդահամար անցկացրեց, հստակ հարկեր սահմանեց և թույլ չտվեց, որ որևէ մեկը խախտի այդ հարկերը: Ով խախտում էր, ինքը կախաղան էր հանում: Ես եթե այս իշխանություններին համեմատել եմ մոնղոլ-թաթարական խաների հետ, ես նրանց՝ այս իշխանություններին պատիվ եմ արել դրանով, մեծ պատիվ: Ես հիմա սխալվել եմ, ես չպիտի դա անեի: Խոսում են Ցեղասպանությունից, անընդհատ հպարտանում են, որ բարձրացնում են Ցեղասպանության ճանաչման հարցը: Դուք ինչո՞վ եք տարբերվում այդ թուրք ցեղասպաններից: Դուք Հայաստանի ներսում եք ցեղասպանություն իրականացնում, սա իսկական ցեղասպանություն է, որը ես ասում եմ՝ ունենալու է շատ տխուր հետևանքներ», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում նա նաև կոչ է արել 23-րդ ընտրատարածքում ընտրողներին ձայնը տալ ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Ջհանգիրյանին: