Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր աղջկա նշանածի` նախօրեին սպանված 27-ամյա Կարեն Եսայանի սպանության համար մեղադրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Հրապարակի» հետ զրույցում Վարդան Ղուկասյանը բացառել է շրջանառվող վարկածը, թե իր փեսայի սպանությունը եղել է խանդի հողի վրա. «Ոչ: Տենց բան չկա», ապա հավելել է, որ այդ վարկածը տարածողը նրանք են, ովքեր ձերբակալվել են:
Խոսելով սպանության պատճառի մասին` Գյումրիի քաղաքապետը պնդեց. «Ոչ անձնական, որ խանդի հողի վրա ոչ մի բան չկա: Այդ թելն ամբողջությամբ տանում է դեպի ԲՀԿ-ի թևը: Այսինքն` այն մարդիկ, ովքեր որ հիմա բանտարկված են, դրանք «Բարգավաճ» կուսակցության կարկառուն դեմքերից են»:
«Դա կատարյալ խեղկատակություն է: Նման բան չի կարող լինել: Ձերբակալվածը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ, միանշանակ: Ես օֆիցիալ հայտարարում եմ դա», – թերթի հետ զրույցում ասել է Գյումրիի ԲՀԿ պատասխանատու, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` հավելելով. «Մենք ցավում ենք, որ մեր քաղաքում նման դեպք է եղել: Սա միանշանակ չի կարող վերաբերել ինչ-որ քաղաքական թեմայի: Նման մեղադրանքներ հնչեցնել էս պահին հիմարություն է: Բոլորս լավ հասկանում ենք, որ քաղաքական պրոցեսների մեջ ենք, գնում ենք ընտրությունների, յուրաքանչյուր խելացի մարդ հասկանում է, որ էս օրերին իրեն նմանատիպ բաները ոչ պետք է, ոչ էլ դրա կարիքը կամ անհրաժեշտությունը կա: Ինչ վերաբերում է թե ձերբակալված անձին, թե սպանվածին, երկուսին էլ ճանաչել ենք, երկուսին էլ գիտենք, երկուսի հետ էլ լավ հարաբերություններ ունենք: Սպանվածի քեռիների, մոր հետ շատ ջերմ, նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել մենք, դա բացարձակ ոչ մի կերպ չի կարող կապվել իմ անձի հետ, քաղաքականության հետ: Թե ինչի համար է եղել, ես դա չեմ կարող ասել, հետաքննությունը գնում է, ընթացքը պարզ կլինի, կտեսնենք»:
Չնայած ոստիկանությունը չի բացահայտում քրգործով ձերբակալվածի անունը, որոշ տեղեկություններով` երեկ ձերբակալվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը:
«100 տոկոսով ասում եմ, Հարությունը ԲՀԿ-ից չէ, առավել ևս` ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ», – ասել է Մարտուն Գրիգորյանը: