Home / Հայաստան / Ծեծել են պատգամավորության թեկնածուներին. նրանցից մեկի քիթը կոտրվել է (ՖՈՏՈ)

Ծեծել են պատգամավորության թեկնածուներին. նրանցից մեկի քիթը կոտրվել է (ՖՈՏՈ)

Այսօր ժամը 17.30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 44 շենքի մուտքում մի խումբ մարդիկ հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ պատգամավոորության թեկնածուներ Զոյա Թադևոսյանի, Գայանե Առուստամյանի, Բաբկեն Գարոյանի, ինչպես նաև Առուստամյանի շտաբի աշխատակիցների վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Գայանե Առուստամյանը:

Նրա խոսքով՝ այսօր իրենք խմբով եկել էին Մալաթիա-Սեբաստիա, որպեսզի օգնեն Նիկոլ Փաշինյանին տարածել իր քարոզչանյութերը: Նրանց վրա հարձակում են գործել շենքի մուտք մտնելուց հետո:

«Մի խումբ ավազակներ, մտնելով շքամուտք, սկսեցին հահոյել մեզ ու պահանջեցին հեռանալ իրենց բակից ու շենքից՝ ասելով, որ իրենք իրենց ընտրությունը կատարել են և իրենց կուսակցությունը ՀՀԿ-ն է: Երբ Զոյա Թադևոսյանը փորձեց նրանց բացատրել, որ իրենք օրենքով սահմանված կարգով քարոզչություն են իրականացնում, այդ պահին ավազակախմբի պարագլուխը մի այլ ճիվաղի հետ մոտեցավ ինձ, երբ ես քարզոչանյութերը ձեռքիս գտնվում էի վերելակի մոտ, ու խլեց քարոզչանյութերը: Մեզ հրելով տարան դեպի աստիճանները՝ այնուհետև սկսեցին հարվածել ու հայհոյել: Մի ուրիշ խումբ էլ քաշելով դեպի բակ տարավ Բաբկեն Գարոյանին, և ամբողջ խմբով սկսեցին նրան հարվածներ հասցնել՝ կոտրելով նրա քիթը: Ես զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ոստիկաններին կանչեն այդտեղ: Շենքի մի անկյունում ավազակների մյուս խումբը, լսելով, որ ոստիկաններ են գալու, իրենց ընկերներին քաշելով հեռացրին այդ տարածքից: Ես զանգահարեցի շտապ օգնություն և Բաբկենին տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց, որտեղ հաստատվել է, որ նրա քիթը կոտրված է», – ասել է Գայանե Առուստամյանը:

Դեպքից հետո նրանք գնացել են Նիկոլ Փաշինայնի շտաբ, որտեղ ժամանել են նաև ոստիկանները, նա հանցագործության մասին հաղորդում է  ներկայացրել և բացատրություն է գրել:

Նշենք, որ տվյալ տարածքում ՀԱԿ-ից առաջադրված է Նիկոլ Փաշինյանը, իսկ ՀՀԿ-ի թեկնածուն է Սամվել Ալեքսանյանը: Օրվա ընթացքում քարոզչություն իրականացնելիս Փաշինյանի շտաբի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ բախվել են տարբեր խմբերի, որոնք հայհոյել են ու խոչընդոտել են մարդկանց աշխատանքը՝ հայտարարելով, որ իրենց թեկնածուն Սամվել Ալեքսանյանն է:

«Թեպետ մենք՝ երեք թեկնածուներս էլ, անձեռնմխելի անձինք ենք, բայց հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ես չեմ վստահում ոստիկանությանը և չեմ  հավատում, որ այդ ավազակները կհայտնաբերվեն և կկրեն արժանի պատիժ: Այնուամենայնիվ, մենք չենք նահանջելու և պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև երկրից վերանան ավազակները», – ասել է Գայանե Առուստամյանը և նշել, որ այս պահին հարվածներից ուժեղ գլխացավ ունի:

Նշենք, որ Գայանե Առուստամյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված է թիվ 1 ընտրատեղամասում, իսկ Զոյա Թադևոսյանն ու Բաբկեն Գարոյանն ընդգրկված են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում:

Լուսանկարները՝ Արման Վեզիրյան, Հելսինկյան ասոցիացիա