Home / Հայաստան / «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն դատապարտում են Մալաթիայի դեպքերը. ՀՀԿ-ականը խոսում է իրավունքի մասին

«Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն դատապարտում են Մալաթիայի դեպքերը. ՀՀԿ-ականը խոսում է իրավունքի մասին

«Ժառանգություն» և  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները դատապարտում են թեկնածուների ընտրարշավ անելու իրավունքի ոտնահարումը:

Անդրադառնալով երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ իրականացված բռնություններին` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նման արարքները դատապարտելի են, անկախ նրանից, թե ում հանդեպ են իրականացվում:

««Ժառանգությունը»  ցանկանում է, որ նորմալ ընտրական միջավայր ստեղծվի: Որևէ  բռնության արարքներին մենք դեմ ենք: Եթե մեր թեկնածուների դեմ նման  ոտնձգությունները կատարվեն, մենք իհարկե միջոցառումներ կիրականացնենք մեր իրավունքները վերականգնելու համար»,- ասել է Հակոբյանը:

«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքական պայքար ընթանա: Դատապարտելի է նման տհաճ միջադեպերը: Պետք է օրենքով թույլատրելի միջոցներով պաշտպանել թեկնածուների իրավունքները», – նույն թեմային անդրադառնալով` ասել է ԲՀԿ  մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, սակայն, այլ կերպ է մեկնաբանել  Նիկոլ Փաշինյանի դեմ կատարվածը:

«Եթե մարդիկ չեն ցանկանում, որ որևէ մեկն ակցիա անի իրենց մոտ, նրանք իրավունք ունեն չլսելու այդ թեկնածուին», – ասել է Զաքարյանը: