Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը քննել է Բայանդուր Պողոսյանի, Դանիել Իոնիսյանի և Հասմիկ Սիմոնյանի` «Մեկ ազգ» կազմակերպության դեմ ներկայացրած հայցը:
Ինչպես նախորդ նիստին, այսօր էլ «Մեկ ազգ» կազմակերպությունը դատարան էր ներկայացել աջակիցների մեծ կազմով և քահանայի ուղեկցությամբ:
Հայցվոր կողմը դատարանում ներկայացրել է իր բողոքը, որի համաձայն` «Մեկ ազգ»-ը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին իր ֆեյսբուքյան էջում զրպարտիչ, վիրավորական հայտարարություն էր արել նշված երեք քաղաքացիների հասցեին, մասնավորապես, ասել են, թե նրանք դատապարտում են իր պայքարը աղանդների, սեռական փոքրամասնությունների դեմ, թե «գաղափարական վիժվածքներ» են և առանց միասեռեռականների չեն պատկերացնում Հայաստանը: Հայցվորները պահանջում են սիմվոլիկ 10 դրամ փոխհատուցում` վիրավորանք հասցնելու համար:
«Մեկ ազգ» կազմակերպության նախագահ Գոռ Թամրազյանը դատարանում հայտարարել է, որ թեև facebook-յան էջը պատկանում կազմակերպությանը, սակայն էջն ունի մի քանի ադմին. և այդ գրառումները հրապարակելու համար պետք է պատասխանատվություն կրի ադմին Կարապետ Թումանյանը, որը հրապարակել է գրառումները:
Դանիել Իոնիսյանը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նման հայտարարությունը կազմակերպությանը չի ազատում պատասխանատվությունից, քանի որ գրառումները մեծ քննարկումների առիթ էին տվել, և հնարավոր չէ, որ դրանք վրիպել են մյուս ադմինների տեսադաշտից:
«Բացի այդ, Գոռ Թամրազյանը պաշտպանում էր Թումանյանի տեսակետը: Եթե նա ասեր, որ «Մեկ ազգը» չի կիսում նշված հայտարարությունների տեսակետը, մենք կքննարկեինք հայցը հետ վերցնելու հարցը»,- ասել է Իոնիսյանը:
Դատավորը այսօրվա նիստում սահմանել է ապացուցման ենթակա հանգամանքները: «Մեկ ազգը»-ը պարտավոր է ապացուցել, որ իր Facebook-ի էջի գրառումները մարդկանց մոտ չեն ասոցացվում կազմակերպության գաղափարների հետ և որ նշված հայտարարությունները վիրավորական չեն: Իսկ հայցվորները պետք է ապացուցեն , որ էջի գրառումները տեսանելի են եղել բոլոր facebook օգտատերերի համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 1-ին: