Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա ներկայիս Հանրապետական կուսակցությանը գրողի ցոծն էր ուղարկելու: Այս մասին այսօր Արարատում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Պատկերացրեք` Վազգենը ողջ լիներ և այսօրվա վիճակում գտնվող Հանրապետական կուսակցությունը գար, ձեզանից ձայն խնդրեր: Վազգենը ի՞նչ էր ասելու, Վազգենը սրանց գրողի ծոցն էր ուղարկելու: Կամ Նժդեհը: Նժդեհը, որի անունը կպցրել են իրենց, Նժդեհը, որ հիմա վերակենդանանար, սրանց թուրքից ավելի վատ էր համարելու», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Անդրադառնալով 18-րդ ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Թևոնյանին՝ Տեր-Պետրոսյանը նշել է, որ նրան հիշում է դեռևս Երասխի ճակատամարտի ժամանակներից:
«Մարդ, որը Խորհրդային միության ժամանակ էլ է եղել գործատեր, բայց թողեց ամեն ինչ, լծվեց այս ազատամարտի գործին, կռվեց Ղարաբաղում, հետագայում միշտ եղավ ժողովրդին կողքին՝ 2003, 2004, 2008 թվականին: Երբեք չդավաճանեց ժողովրդին, և սա այն դեպքերից է, որ ես բաց ճակատով, հպարտությամբ կարող եմ երաշխավորել նրա թեկնածությունը: Ուրեմն բոլորս միաձայն, ինչ ուզում է ասեն ձեզ կողքից, ինչ ուզում է հավատացնեն, քվերակում եք Ռազմիկ Թևոնյանի և Հայ ազգային Կոնգրեսի օգտին»:
Արարատում ՀԱԿ ներկայացուցիչների ելույթի ժամանակ սկսել է տեղատարափ անձրև տեղալ, սակայն հավաքվածները չեն լքել հրապարակը:
Մինչև հանրահավաքի մեկնարկը, Կոնգրեսի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ:
Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են նաև Մասիս, Այգավան և Արտաշատ:
Մասիսում և Արտաշատում հանրահավաքների տարածքները շրջապատված էին ոստիկաններով, ինչպես նաև ոստիակնության օպերատորներով, որոնք տարբեր տեղերից նկարահանում էին հանրահավաքի եկած մարդկանց:
ՀՀ առաջին նախագահը Արտաշատի իր ելույթում ասել է, որ այս քաղաքը իր համար հարազատ վայր է, քանի որ մանկության տարիներին շատ է եղել այստեղ: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ տվյալ հանրահավաքին մասնակցում է իր քեռին, որին միայն կարողանում է տեսնել հանրահավաքների ժամանակ:
Այգավանում Կոնգրեսի առաջնորդներին դիմավորել են աղ ու հացով, ինչպես նաև փոքր սեղան են գցել փողոցում:
Նշենք, որ Արարատի մարզում Կոնգրեսն առաջադրել է երեք թեկնածուների՝ Մասիսում՝ Գևորգ Գևորգյան, Արտաշատում՝ Գագիկ Ներսիսյան, իսկ Արարատում՝ Ռազմիկ Թևոնյան: