Home / Հայաստան / Հայրապետյանը ՀՀԿ-ականներին կոչ է արել «զերծ մնալ պրովոկացիաներից»

Հայրապետյանը ՀՀԿ-ականներին կոչ է արել «զերծ մնալ պրովոկացիաներից»

ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում բանավիճել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև «կա տրամաչափի տարբերություն»: Այս մասին, բացատրելով սեփական որոշումը, այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայրապետյանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ասուլիսի ժամանակ նա պատրաստակամություն էր հայտնել բանավիճել Կոնգրեիս առաջին տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր տղամարդու հետ, բացառությամբ Արամ Սարգսյանի, ով իր ընկերն է: Փաշինյանն առաջին տասնյակում է ընդգրկված:

Այսօր Հայրապետյանը հայտարարել է, որ իր համար «վիրավորական է Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելը»:

ՀՀԿ-ական գործչի կարծիքով՝ Փաշինյանը, Սամվել Ալեքսանյանին բանավեճի հրավիրելով, և իր՝ ուղիղ եթերում գտնվելու պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության դիմաց կանգնելով, ինքնահաստատման ճանապարհ է բռնել:

Հայրապետյանը Փաշինյանին խորհուրդ է տվել ինքնահաստատվել այլ ձևերով՝ ծրագրեր ներկայացնելով, ընտրողների հետ շփվելով, այլ ոչ թե «ինչ-որ մարդկանց հեղինակության հաշվին ինքնահաստատվելով»:

Անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպերին՝ Հայրապետյանը նաև կոչով է դիմել ՀՀԿ-ականներին:

«Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող բոլոր իմ հայրենակիցներին, իմ կուսակից ընկերներին, Սամվել Ալեքսանյանի բոլոր համախոհներին խնդրել և կոչ անել զերծ մնալ նման պրովոկացիաներից, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի մասնագիտությունն է: Ընդամենը մնացել է քսան օր, քսան օր հետո՝ մայիսի 7-ին կտեսնենք Նիկոլ Փաշինյանին ինչպես է գնահատում ժողովուրդը, իսկ Սամվել Ալեքսանյանին` ինչպես», – հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչը: