Home / Հայաստան / Հայրապետյան-Փաշինյան բանավեճը չկայացավ. ՀԱԿ ներկայացուցիչը գնահատում է

Հայրապետյան-Փաշինյան բանավեճը չկայացավ. ՀԱԿ ներկայացուցիչը գնահատում է

ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանին ներս չեն թողել «Արմնյուզ» հեռուստաընկերություն, որտեղ նա այսօր պատրաստվում էր բանավիճել թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հետ:

«Արմնյուզի» ներկայացուցիչները նշել են, որ բանավեճը ուղիղ եթերում չի կայանա, քանի որ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ միանգամից ամբողջ առաջին տասնյակի հետ:

Նիկոլ Փաշինյանը «Արմնյուզի» դարպասների մոտ լրագրոնղերի հետ կայացած ճեպազրույցում հիշեցրել է, որ նախորդ շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն էր հայտնել բանավիճել ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր տղամարդու հետ, բացառությամբ երրորդ համար Արամ Սարգսյանի, ով իր ընկերն է:

Փաշինյանը նշել է՝ ինքն այսուհետ փաստում է, որ Ռուբեն Հայրապետյանի ցանկացած հայտարարություն հավասար է ճղճղոցների:

Նա նշել է, որ չի արձագանքել Հայրապետյանի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի և իր հասցեին հնչեցրած քննադատությանը և պատրաստվում էր դա անել այսօր ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը 7 կետից բաղկացած հետևյալ հայտարարությունն էր տարածել.

1. 2012 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ասուլիսում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի է հրավիրել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց:

2. Նույն ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան Հայրապետյանը չի ժխտել, որ ինձ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանիս հրավիրել է հրապարակային բանավեճի: (13:07)

3. Նույն ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է (մեջբերում եմ բառացի). «Նույնիսկ ասեմ. թող ֆարմատն էլ իրենք որոշեն, տեղը, վայրը»: (13.35)

4. «Մեծ բանավիճող» լինելով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը:

5. Մենք որոշել ենք, որ նշված բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան ֆորմատով եւ ինչպես առաջարկել էր Հայրապետյանը պետք է վերաբերվի ներքաղաքական հարցերին:

6. Հաշվի առնելով այն, որ 09.04.2012թ. «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հ/ը տնօրեն Արտակ Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել կողմերի համաձայնության պարագայում իմ մասնակցությամբ բանավեճ կազմակերպել, հաշվի առնելով նաեւ այն, որ Ռ. Հայրապետյանը մեզ է վերապեհել բանավեճի տեղի ընտրությունը, Արտակ Ալեքսանյանին կոչ եմ արել բանավեճը կազմակերպերպել 2012թ. ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

7. Այսօր ժամը 22.00-ին պատրաստվում եմ ներկայանալ բանավեճի, քանզի դրա կազմակերպման հետ կապված բոլոր հարցերը համարում եմ լուծված` ընդ որում, Ռուբեն Հայրապետյանի առաջ քաշած պայմաններով: