«Սամվել Ալեքսանյանն Աստծուց մի քիչ ա պակաս, Հիսուսից հետո երկրորդ մարդն ա ստեղ»: Այսպիսի հայտարարություն է հնչել այսօր Իսակովի փողոցի բակերից մեկում, որտեղ Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչները քարոզչանյութեր են բաժանելիս եղել: Ինչպես Epress.am-ին հայտնել են Փաշինյանի շտաբից, այդ հայտարարության հեղինակները մի խումբ կանայք և երիտասարդներն էին, ովքեր խոչընդոտում էին Փաշինյանի ներկայացուցիչներին քարոզարշավի ընթացքում: Ինչպես և երեկ, նրանք պահանջում էին «գնալ իրենց թաղից», որովհետև «իրենք իրենց ընտրությունն արդեն կատարել են»:
Հիշեցնենք, որ երեկ նման մի քանի միջադեպ է եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-Արևմտյան թաղամասում: Սվաճյան 44 հասցեում մի խումբ երիտասարդներ հարձակվել են քարոզչանյութեր բաժանող ՀԱԿ ներկայացուցիչներ, պատգամավորների թեկնածուներ Գայանե Առոսւտամյանի, Զոյա Թադևոսյանի և Բաբկեն Գարոյանի վրա: Վերջինիս ծեծի են ենթարկել, որի հետևանքով նրա քիթը կոտրվել է: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: