Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա 22 հասցեում գտնվող շենքի մոտ ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված Կարեն Թովմասյանը, ով այդ պահին բաժանում էր թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութեր, հարձակման է ենթարկվել:
Epress.am-ի հետ զրույյցում Թովմասյանը պատմել է, որ երբ ինքն ավարտել է աշխատանքը և շարժվել է դեպի կանգառ, նկատել է, որ Հանրապետական կուսակցության շտաբից դուրս են եկել մոտ 20 երիտասարդներ և սկսել են հետապնդել իրեն:
Նրանք հայհոյել են Թովմասյանին, ով փորձել է արագ տաքսի նստել և հեռանալ տարածքից: Սակայն հետապնդողներն իր հետևից մտել են մեքենայի մեջ և սկսել են քաշքշել Կարենին՝ պահանջելով տալ մնացած քարոզչանյութերը: Թովմասյանը պառկել է նյութերի վրա՝ փորձելով թույլ չտալ խլել դրանք: Այնուամենայնիվ, երիտասարդներին հաջողվել է խլել մոտ 20 նյութ:
Թովմասյանի խոսքով՝ հարձակվողներն ասել են իրեն. «Էս նամակներով ուզում եք հաղթե՞ք»:
ՀԱԿ անդամին քաշքշելուց և հայհոյելուց հետո երիտասարդները մտել են ՀՀԿ-ի շտաբ: Թովմասյանը, վերադառնալով Նիկոլ Փաշինյանի շտաբ, տեղեկացրել է դեպքի մասին, որից հետո Փաշինյանը զանգահարել է ոստիկանություն ՝ տեղյակ պահելով պատգամավորի թեկնածուի վրա հարձակման մասին:
Թովմասյանը մեկնել է ոստիկանության բաժին, որտեղ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ոստիկանները Թովմասյանին խոստացել են մտնել ՀՀԿ-ի գրասենյակ և պարզել դեպքի մանրամասները:
Հիշեցնենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի խումբ երիտասարդներ հարձակվել են ՀԱԿ-ական պատգամավորի թեկնածուներ Գայանե Առուստամյանի, Զոյա Թադևոսյանի և Բաբկեն Գարոյանի վրա: Վերջինիս ծեծի են ենթարկել, որի հետևանքով կոտրվել է ընդդիմադիր գործչի քիթը:
Լուսանկարը՝ Կարեն Թովմասյանի Facebook-ի էջից