Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ընկերություն, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին և մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով: Ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, ծրագրում է 2012թ. ավելացնել հանքաքարի վերամշակումը` տարեկան հասցնելով 2.7 մլն տոննայից մինչև 3.5 մլն տոննայի: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերակառուցման ավարտից և նոր տեխնիկայի ձեռքբերումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 985–ի, որը կազմում է արդյունաբերական այս քաղաքի աշխատունակ բնակչության 1/3-ը: Ընթացիկ տարում միջին աշխատավարձը նախատեսվում է մինչև 250 հազար դրամ:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այցելել է Մեղրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նպատակ ունի նորակառույց հիվանդանոցի շենքում միավորել Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունները, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը:
Նշվել է, որ շուրջ 3500 քմ մակերեսով նորակառույց շենքում տեղակայվող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կազմված կլինի ընդհանուր թերապևտիկ և մանկական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մանկաբարձական, ինչպես նաև ինտենսիվ բուժման բաժանմունքներից: Բժշկական կենտրոնը կունենա նաև անհետաձգելի և պլանային դեպքերի համար ընդունարան և դրան կից ախտորոշիչ բաժանմունք ու օժանդակ ծառայություններ: Բժշկական կենտրոնի շինարարության համար Մեղրիի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 1.2 հա հողատարածք: Ծրագիրն սկսվել է 2011թ. և նախատեսվում է ավարտել 2013թ. վերջին:
Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքում մասնակցել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մանրացման տեղամասի և Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողություններին:
Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը կշարունակվի նաև ապրիլի 17-ին: