Այսօր` ժամը 21.50-ին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության մուտքի մոտ տեղի կունենա 7-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր վերահաստատել էր իր պատրաստակամությունն «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում բանավիճել Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն այսօր «ԱրմՆյուզում» հյուրընկալվում է միայն Հայրապետյանը:
Ինչպես Facebook-ում գրում էն ՀԱԿ ակտիվիստները, «փորձ է արվելու ներկայացնել այնպես, որ Նիկոլը խուսափում է բանավեճից, այնինչ այդպիսի բան չկա: Նիկոլը գնալու է բանավեճի ու եթե չթողնեն մտնել, հենց շենքի դիմաց ասուլիս է անելու ժամը 21:50-ին»:
Նախորդ շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանն ինքը պատրաստականություն էր հայտնել բանավիճել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 10 թեկնածուներից յուրաքանչյուրի հետ, բացի կանանցից և Արամ Սարգսյանից, ով, նրա խոսքով, իր ընկերն է: Փաշինյանը, ով զբաղեցնում է համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը, ընդունել էր բանավեճի հրավերը: