2012 թվականի ապրիլի 16-ին՝ առավոտյան ժամը 10:30-11:00-ի սահմաններում, մոտ 200 քաղաքացիներ պաստառներով և դրոշակներով ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մոտեցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին: Ինչպես ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, նրանցից մեծաթիվ խումբ մտել է գրասենյակ և ներկայացրել պահանջ այն մասին, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար:
Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը հայտնել է, որ իրենց պատասխան կտրվի ավելի ուշ, սակայն պահանջ ներկայացնողները և այդ ընթացքում կազմակերպություն ներխուժած այլ քաղաքացիները բացականչություններով, սպառնալիքներով պահանջել են` պատասխան տրվի անհապաղ և այդ պահին:
Կազմակերպության նախագահը հայտնել է, որ Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը այսօր առավոտյան հայտարարել է ֆիլմերի ցուցադրության հետաձգման մասին, սակայն նրանք պահանջեցին, որ այդ մասին հրապարակվի հրապարակավ դրսում հավաքվածներին: Կազմակերպության նախագահը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, այդ մասին հայտարարեց խմբի կազմակերպիչների կողմից բերված բարձրախոսով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, սակայն, որ որոշ ժամանակ անց վերստին քաղաքացիների ներկայացուցիչները մտել են գրասենյակ և պահանջել, որ ընդհանրապես կազմակերպությունը տարածքը չպետք է տրամադրի ֆիլմերի ցուցադրության համար: Այդ պահանջի ներկայացմանը զուգահեռ դրսում հավաքվածների կողմից սկսեցին նետվել ձվեր, քարեր, որոնցից երկուսը կոտրեցին գրասենյակի պատուհանների ապակիները, իսկ նրանցից մեկից վնասվեց կազմակերպության աշխատակիցներից մեկը:
«Ստեղծված, ուղղորդված և կազմակերպված սպառնալիքներ, հայհոհայնքներ էին հասցվում գրասենյակում գտնվող կազմակերպության աշխատակիցների նկատմամբ:
Այդ պահին ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չէին իրականացնում կազմակերպության աշխատակիցների անվտանգության, սպառնալիքների, բռնությունների կոչերի և հասարակական կարգի խախտման կանխարգելման ուղղությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպության կողմից հեռախոսազանգերի միջոցով ոստիկանությանը հայտնվել էր կազմակերպության և նրա աշխատակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, որը սակայն այդպես էլ չարվեց:
Գնահատելով իրավիճակը՝ կազմակերպության ղեկավարը հետագա անկանխատեսելի հետևանքների կանխման նպատակով ստիպված հրապարակավ հայտարարեց միջոցառման չիրականանալու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը, հարգելով կարծիքի և արտահայտման ազատությունը,որը որպես մարդու հիմնարար ազատություններից մեկը, գտնում է, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքացիների կողմից կարծիքի արտահայտում, այլ բռնության, սպառնալիքների, գույքի ոչնչացման կիրառմամբ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում, ապօրինի միջամտություն, որը նպատակ է հետապնդել խոչընդոտելու կազմակերպության կողմից իր տարածքը տնօրինելու իրավունքի խախտմանը:
Մինչ այժմ կազմակերպություններից որևէ մեկը թվով 30 ՀԿ-ներից և ԶԼՄ-ներից չի դատապարտել կատարված բռնությունները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ տեղի է ունեցել իրավապաշտպան գործունեության և այդ գործունեությունը իրականացնողների նկատմամբ կազմակերպված բռնություն ոստիկանության աշխատակիցների անգործության պայմաններում և ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը», – նշում են հայտարարության հեղինակները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև տեսանյութ է տարածել, որում փառատոնի դեմ հանդես եկողներին ողջունում է ելույթ է ունենում Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: