Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Գայանե Առուստամյանը պահանջում է նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Ռուբեն Հայրապետյանից, որպեսզի վերջինս ներողություն խնդրի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ինքը՝ Առուստամյանը:
«Ես բազմիցս Ռուբեն Հայրապետյանին հրավիրել եմ բանավեճի, որպեսզի բանավեճի ձևաչափում անցկացնենք քաղաքակիրթ քարոզարշավ՝ ընտրողներին ճիշտ կողմնորոշելու ու ճիշտ ներկայանալու նպատակով, սակայն Հայրապետյանն ինձ մերժել է, բայց ինչպե՞ս է մերժել: Նա ինձ մերժել է ցինիկաբար՝ ոտնահարելով կնոջ իմ իրավունքը և վիրավորելով իմ արժանապատվությունը», – ասել է Առուստամյանը:
Նա հիշեցրել է, որ Հայրապետյանն հայտարարել էր, թե չի պատրաստվում բանավիճել կնոջ հետ, որովհետև վախենում է, որ այդ կինը կճանկռի իրեն:
«Սա ակնհայտ ցինիզմի դրսևորում է իմ նկատմամբ, գենդերային անհավասարության ցայտուն օրինակ է և ես պահանջում եմ, որպեսզի Ռուբեն Հայրապետյանն ինձանից ներողություն խնդրի, որովհետև, որպես կին-թեկնածու, որպես կին-քաղաքացի վիրավորել է իմ կանացի արժանապատվությունը», – հայտարարել է Առուստամյանն ու հավելել, որ ինքը կրկին իր մրցակցին հրավիրում է բանավեճի, որովհետև մրցելու և քաղաքակիրթ պայմաններում քարոզարշավ իրականացնելու միակ տարբերակը բանավեճն է:
Երեկ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 44 շենքի մուտքում մի խումբ մարդկանց կողմից Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ պատգամավորության թեկնածուներ Զոյա Թադևոսյանի, Բաբկեն Գարոյանի և իր, ինչպես նաև իր շտաբի աշխատակցի վրա հարձակման վերաբերյալ Առուստամյանը ևս հանդես է եկել հայտարարությամբ:
«Պահանջում եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքի այդ միջադեպին ու հանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի թեկնածությունն ու նրան թույլ չտա մասնակցել քարոզարշավին, որովհետև վստահ եմ, որ այդ ավազակախումբն ուղղորդված էր նրա կողմից: Սերժ Սարգսյանն հայտարարում էր, որ այս ընտրությունները տեղի են ունենալու ժողովրդավրության ու խաղաղ մթնոլորտում, հավաստիացնում էր մեր հասարակությանը, թե ընտրապայքարը տեղի է ունենալու իրավահավասար պայմաններում, իսկ այս միջադեպը գալիս է ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հերթական կեղծիքն է, և ես հայտարարում եմ, որ այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է», – նշել է Առուստամյանը: