Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդրով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներման ինստիտուտի կիրառման միջոցով մեղմել ստեղծված իրավիճակը: Նախաձեռնության բաց նամակի մեջ նշվում է, որ Հայաստանում առկա են 104 ցմահ դատապարտյալներ:
«Խնդրում ենք ներման ինստիտուտի միջոցով կատարել առաջին քայլը իրավիճակը մեղմելու համար: Ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է Ձեզ մարդասիրական խնդրանքով:
Քաղաքակիրթ աշխարհում ներման ինստիտուտը տոների կապակցությամբ մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության ու մարդասիրության մասին: Օրեր առաջ էլ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում նախագահը ներում է շնորհել 200 դատապարտյալի Զատկի տոնի կապակցությամբ: Հաշվի առնելով, որ մայիսը հայերիս հաղթանակաշատ ամիսն է, ուստի դիմում ենք Ձեզ դարձյալ նույն խնդրանքով:
Մեծարգո Սերժ Սարգսյան, ապավինում ենք Ձեր մեծահոգությանը և խնդրում կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը` ներում շնորհելով 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ.-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ դրանով իսկ փոքր-ինչ մեղմելով Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների թվաքանակի խնդիրը», – նշում են նախաձեռնության անդամները: