ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու հրամանը անօրինական է, ուստի` Զոլյանն այն չի կատարելու:
Ինչպես հաղորդում են ԵՊԼՀ-ից, ռեկտորը Արմեն Աշոտյանին հորդորել է ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ և 83,5-րդ հոդվածները, ինչպես նաև բուհակավ ոլորտը կարգավորող օրենքները և հիշեցնում, որ ռեկտորն ընտրվում է ԵՊԼՀ խորհրդի կողմից, իսկ ընտրության արդյունքները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ: Զոլյանը Աշոտյանին խորհուրդ է տալիս առաջնորդվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջով` «հետագա անօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով»:
ԵՊԼՀ ռեկտորը նշում է, որ Աշոտյանի անհամաձայնության դեպքում գրությունը կարող է վիճարկվել դատական կարգով:
ԵՊԼՀ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին համալսարանում ուսումնական գործընթացը ընթանալու է բնականոն ու անխափան կերպով:
Նշենք, որ Սուրեն Զոլյանը ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով գիտաժողովին: