Հայ Ազգային Կոնգրեսն անում է ամեն ինչ ներկայիս իշխանություններից ազատվելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ այցելել էր Պանթեոն Հայաստանի Ժողովրդական կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակի կապակցությամբ, ով սպանվել է Ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:
«Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կնպաստի այս գործին: Դրանով է բացատրվում մեր մասնակցությունը ընտրությունների վերահսկման միասնական շտաբին: Ես, այո, համոզված եմ, անկեղծ աշխատանքի դեպքում հնարավորություն կա վերջապես բռնելու չարագործի ձեռքը և թույլ չտալու այն ընտրակեղծիքները, որ մինչև հիմա թույլ են տվել: Միայն մի բան է պահանջվում` ձեռքերը քշտել, ինչպես ասում են, լծվել այս գործին, և Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին այլևս ՀՀ նախագահ չի լինի: Դուք էլ մեզ կշնորհավորեք, որ մենք ձեզ այդ չարիքից ազատեցինք», – ասել է ՀՀ առաջին նախագահը: