Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է առաջիկա խորհրդարանում դաշնակցել ցանկացած ուժի հետ, որը համագործակցելու ցանկություն կհայտնի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Պատասխանալով այն հարցին, թե ինչու է ՀԱԿ-ը քննադատում կոալիցիայի անդամ երկու կուսակցություններին` ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, բայց ոչ ԲՀԿ-ին, Տեր-Պետրոսյանը նշել է, որ «Ժառանգության», ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ Կոնգրեսը ստեղծել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբ:
«Այսինքն այդ կուսակցությունները մեր գործընկերներն են, որոնց հետ մենք համատեղ աշխատանք ենք կատարում՝ արդար ընտրություններ անցկացնելու համար և շատ բնական է, որ մեր գործընկերների նկատմամբ հակաքարոզչություն չենք իրականացնելու, վիրավորանքներ չենք հասցնելու, անձնական որակումներ չենք տալու: Այո՛, մեր թիրախը ՀՀԿ-ն և «Օրինաց երկիրն» են: Եթե ՕԵԿ-ն էլ գար, մասնակցեր միասնական շտաբի աշխատանքներին և մեզ հետ միասին պայքարեր արդար ընտրությունների համար, բնականաբար, նա էլ կմտներ նույն ցանկի մեջ: Իսկ թե ինչո՞ւ ենք տարբերում դա՝ շատ հասկանալի պատճառով. ՕԵԿ-ը եղել, կա և հայտարարում է, որ այսուհետև էլ լինելու է Սերժ Սարգսյանի ճամբարում, մասնակցելու է հաջորդ կոալիցիային: ԲՀԿ-ն այսպիսի բան չի հայտարարում՝ այո, ունեն հուշագիր, այո կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երևութ է, կոալիցիան տևում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարանը՝ մայիսի 7-ին կոալիցիա չկա: Բնականաբար, անկախ այն բանից՝ մենք ինչ հակասությունններ ենք ունեցել ՀՅԴ-ի, Ժառանգության ու ԲՀԿ-ի հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց այսօր, քանի որ այդ կուսակցությունները փաստորեն դուրս են եկել Հանրապետական կուսակցության այն իշխանության դեմ, քաղաքական տգիտություն կլինի, անգրագիտություն կլինի և դավաճանություն կլինի այս ժողովրդի նկատմամբ, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք և չազատվենք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի միապետությունից», – ասել է ՀՀ առաջին նախագահը:
«Ազատության» ռադիոկայանի թղթակիցը նաև հետաքրքրվել է Տեր-Պետրոսյանից թե արդյոք ՀԱԿ-ում տեսնում են ԲՀԿ-ի առավել հեռուն գնացող ծրագրերը, օրինակ, հաջորդ կոալիցիայի մեջ չմտնելը:
«Հեռուն գնացող ոչ մի բան չեմ ուզում տեսնել այսօր: Այսօր մենք ճակատամարտի մեջ ենք հանցավոր ռեժիմի հետ և այդ հանցավոր ռեժիմը տապալելու, հանցավոր ռեժիմից ազատվելու բոլոր հնարավորությունները պիտի օգտագործենք, բոլոր հնարավորությունները. ես նկատի ունեմ սահմանադրական, օրինական հնարավորությունները», – նշել է Տեր-Պետրոսյանը: