ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահելի է համարում աշխարհահռչակ կազմակերության անցկացված հարցումները: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում` անդրադառնալով «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Բալթյան հետազոտություններ/Gallup կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյուքներին:
Հիշեցնենք, որ, մասնավորապես, այսօր հրապարակված արդյունքների համաձայն, 1018 հարցվածների 34 %-ն իր ձայնը կտա ՀՀԿ-ին, 28%-ը՝ ԲՀԿ-ին, 9%-ը՝ ՀԱԿ-ին, 6 %-ը՝ ՕԵԿ-ին, 5%-ը՝ ՀՅԴ-ին և 3%-ը՝ «Ժառանգությանը», եթե ընտրությունները լինեն հաջորդ կիրակի:
«Սոցիոլոգիան լուրջ գիտություն է: Իսկ Gallup-ն աշխարհահռչակ կազմակերպություն է, պրոֆեսիոնալության մակարդակով վստահություն է ներշնչում»,- ասել է Շարմազանովը:
Այն հարցին, թե որքան է իր հնարավորթյունը գնահատում ՀՀԿ-ն, Շարմազանովը պատասխանել է.
«Մենք ռեալ շանս ունենք 37-40% ձայներ ունենալ համամասնական ցուցակով: Մենք ունենք 33 թեկնածուներ առաջադրված նաև մեծամասնականով: Միասին 50%-ից ավել ձայն կունենանք: Մենք անցած ընտրություններում էլ ենք անցել 50%-ի շեմը, ուղղակի ՀՀԿ-ն ինքնապաշտ չէ և պատասխանատվությունը կիսել ուզեց այլ ուժերի հետ` կոալիցիա կազմելով: Ինքներդ գնահատեք` ով ինչպես տարավ ստանձնած պարտականությունները: Չի կարող կուսակցություն մինչև ժամը 2-ը լինել իշխանություն, 2-ից հետո` ընդդիմություն»,- ասել է Շարմազանովը:
Ի տարբերություն ՀՀԿ խոսնակի, հարցման արդյունքներիի նկատմամվ նույնքան դրական չեն տրամադրված ՀՅԴ-ի և «Ժառանգություն» ներկայացուցիչները:
«Ես չեմ ուզում մեկնաբանել` Ադիբեկյանը էս ասեց, Gallup-ը` էս ասեց, մի բան կասեմ միայն` կապրենք, կտեսենք», – ասել է «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն էլ հիշեցրել է, որ 2007թ. Gallup-ը կանխատեսել էր, որ ՀՅԴ կստանա 7%, ինչդեռ կուսակցությունը հավաքեց 13%:
«Մենք շատ լավ գիտենք մեր էլեկտորատը քանի տոկոս է կազմում: Գիտենք մեր վարկանիշը և գիտենք` ինչ անել այն բարձրացնելու համար», – ասել է Սեյրանյանը: