«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Բալթյան հետազոտություններ/Gallup կազմակերպության կողմից անցկացված հարցման 1018 մասնակիցների 21 տոկոսը չեն հավատում, որ հայաստանյան որևէ կուսակցություն ունակ է լուծել Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները:
Հարցման հեղինակների տրամադրած հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 34 տոկոսը համարում են, որ այդ խնդիրները լավագույնս կարող է լուծել ՀՀԿ-ն, 31 տոկոսը` ԲՀԿ-ն:
Ընդդիմադիր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի խնդիրներ լուծելու կարողությանը հավատում են հարցվածների 7 տոկոսը, ՀՅԴ-ն հավաքել է 6 տոկոս, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»` 5-ական: Հարցվածների 8 տոկոսը տվյալ հարցին պատասխան չեն տվել: Նշենք, որ հարցի դեպքում թույլատրվում էր 1-ից ավելի կուսակցություններ անվանել:
Եթե մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա առաջին ընտրությամբ ՀՀԿ-ին կքվեարկեր հարցվածների 34 տոկոսը, երկրորդ ընտրությամբ` 17 տոկոսը, իսկ 11 տոկոսը երբեք ՀՀԿ-ի օգտին չէր քվեարկի:
ԲՀԿ-ի դեպքում առաջին ընտրությամբ` 28 տոկոսը, երկրորդ ընտրությամբ` 22 տոկոսը, այդ կուսակցությանը երբեք չէր ընտրի հարցվածների 5 տոկոսը:
Հայ Ազգային Կոնգրեսի դեպքում այդ թվերն են, համապատասխանաբար, 9, 2 և 36 տոկոս, ՕԵԿ-ի դեպքում` 6, 6 և 12, Ժառանգության դեպքում` 3, 6 և 9, ՀՅԴ-ի դեպքում` 5, 5, 7: