Գրականության ասպարեզում 1999 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած աշխարհահռչակ գերմանացի գրող Գյունտեր Գրասը, որը վերջերս սկանդալի կիզակտում էր հայտնվել Իսրայելի վերաբերյալ քննադատական բանաստեղծություն գրելու համար, տեղափոխվել է Համբուրգի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք, հայտնում է korrespondent.net-ը:
Սուրբ Գեորգի հիվանդանոցում չեն ցանկացել տեղեկություններ հայտնել գրողի առողջական վիճակի մասին:
84-ամյա Գյունտեր Գրասը վերջերս իր սկանդալային «Այն, ինչ պետք է ասվեր» բանաստեղծությունում մեղադրել էր Իսրայելին Իրանի ոչնչացումը ծրագրելու և համաշխարհային անվտանգությանը սպառնալու մեջ: Ապրիլի 4-ին բանաստեղծությունը տպագրվել էր եվրոպական մի շարք պարբերականներում: Ստեղծագործությունը մեծ ռեզոնանս առաջացրեց: Հրեաները մեղադրեցին Գրասին հակասեմիտականության մեջ:
Նախորդ շաբաթ Իսրայելի կառավարությունը գրողին «պերսոնա նոն գրատա» հայտարարեց և արգելեց նրան մուտք գործել երկիր: Բացի դա, Իսրայելի Ներքին Գործերի նախարարը առաջարկել է զրկել Գրասին Նոբելյան մրցանակից: