Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով որպես կասկածյալ անցնող Հարություն Սարգսյանի մայրը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ որդին հանցագործության հետ որևէ առնչություն չունի:
Մոր խոսքով` որդուն տեղափոխել են «ԿԳԲ-ի պադվալ»` «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ը: և Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղալեչյանը հաստատել է այս տեղեկությունը:
«Եվ թեև ոստիկանությունը բացահայտված է համարում Կարեն Եսայանի սպանությունը (ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարել է, որ գործն այլևս բացահայտված է), Սարգսյանի մայրը պնդում է, որ իր որդու դեմ ոչ մի իրեղեն ապացույց չկա, որը անհերքելի է դարձնում նրա անմիջական կապը սպանության հետ», – գրում է թերթը:
Մոր խոսքով` խուզարկության ժամանակ իրենց տանը միայն մեկ հրացան են գտել, որը գրանցված է, օրինական ու երբևէ չի օգտագործվել: Հարությունի մայրը նաև հայտնել է, որ այժմ ոստիկանությունը բերման է ենթարկում ու հարցաքննում Հարությունի բոլոր ընկերներին ու ծանոթներին` պահանջելով, որ նրանք իրենց ցուցմունքներում գրեն, թե Հարությունի ձեռքին հրազեն են տեսել, և որ նա թմրամոլ է:
«Բայց իմ տղեն կյանքում ձեռքում զենք չի պահել, նման բան չի եղել: Մենք ողբում ենք մեզ անծանոթ այդ տղայի` Կարենի մահը: Բայց պետք չի ընկնել անմեղի հետևից, թող մեղավորին, իսկական մարդասպանին գտնեն, ոչ թե անմեղ տղու գլուխ ուտեն: Ասում են, թե տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղուս մեքենան գնում էդ տղայի մեքենայի հետևից : Բայց դա նույնն ա, ինչ օրինակ ինձ ձերբակալեն, եթե ես ինչ-որ խանութում ինչ-որ մեկի կողքով քայլած լինեմ: Տենց չի կարելի», – ասել է կինը:
Թերթի հարցին` այդ դեպքում ում է ձեռնտու անմեղ մարդուն պատժել, տիկին Անահիտը պատասխանել է` ոստիկանությանը:
«Նրանց բացահայտումներ են պետք: Նրանք հիմա անմեղ մարդու են բռնել, որ բացահայտում ցույց տան, բայց դա սխալ է: Իմ տղան ոչ մի մեղք չունի, ու կտեսնեք, որ նրանք չեն կարողանա ապացուցել իմ որդու մեղքը», – ասել է Սարգսյանի մայրը:
Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Մեղադրանքի հաստատման դեպքում երիտասարդը կարող է դատապարտվել մինչև ցմահ ազատազրկման: