Հանրապետական կուսակցությունը գնում է ընտրության, իրենց կարծիքով, հաղթելու և կառավարություն ձևավորելու նպատակով. իսկ ի՞նչ են անելու, որքա՞ն են եկամուտներն աճեցնելու և ինչպե՞ս, ի՞նչ թոշակ են խոստանում: Նման խոսակցություն չկա իշխանության կողմից, այսպիսի ծրագիր խոստանում է միայն Հայ Ազգային Կոնգրեսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
Վերջինս պատրաստակամություն է հայտնել այս և տնտեսական մի շարք այլ հարցերի շուրջ բանավիճել վարչապետ Տիգրան Սարգսյանի կան Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:
«Ի տարբերություն ոմանց, ես պատրաստ եմ կալիբրս իջեցնել ու, բացի Սերժ Սարգսյանից, դեբատների գնալ վերը նշված անձանց հետ ու հասկանալ՝ ինչպե՞ս են լուծելու պարտքի խնդիրը, ներդրումների խնդիրը: Նման դեբատ իշխող կուսակցության հետ անհնար է», – ասել է Բագրատյանը:
Նա նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը կալիբրից է խոսում, այնինչ ինքն էր Նիկոլ Փաշինյանին հրավիրել բանավեճի ու «երեկ թող կուլտուրա ունենար ու ներս հրավիրեր Փաշինյանին. նա դրսում սպասում էր»:
«Ինքն էր ասել, թե կբանավիճեմ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված տղամարդկանից յուրաքանչուրի հետ, բացի Արամ Սարգսյանից, ով իր ընկերն է: Հետո խոսքը փոխեց: Դա արդեն լկտիություն է: Նրան անմիջապես նախագահը (Սերժ Սարգսյանը – խմբ.) պետք է զանգեր ու ասեր՝ ձե՞ռ ես առնում քեզ, ականջներդ կքաշեմ: Նա մի հինգ անգամ չհայտարարե՞ց, որ թեկանածություն չի դնում, մի 15 անգամ էլ հայտարարեց, որ դնում է, ու այս մարդը ֆուտբոլն է ղեկավարում, ո՞նց կարելի է այսպես: Այս տեսակը պետք է հեռանա, այս տեսակը պիտի չլինի, ու կգա այդ օրը, որ իրենք չեն լինի», – ասել է Բագրատյանը:
Նա նաև խոսել է վերջին օրերին Մալաթիա-Սեբաստաիա վարչական շրջանում ՀԱԿ թեկնածուների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին:
«Սամվել Ալեքսանյանը, ում անունը կապում են կանացի ներքնազգեստի տարրերից մեկի հետ, ինչ-որ կանանց է բերել, սրանք գոռգոռում են, բնականաբար, այս 50-60 կանայք նրանից ինչ-որ ձևով կախված են», – ասել է Բագրատյանն ու ընդգծել, որ ամենուրեք վախի մթնոլորտ է տիրում ու իշխող ռեժիմը տարբեր կերպ սպառնում է պատժել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն ՀԱԿ-ի հանրահավաքներին: