ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատապարտում է երեկ առավոտյան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա կատարված հարձակումը: Հիշեցնենք, որ հարձակվողները բողոքում էին գրասենյակում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման դեմ, որը, ի դեպ, հարձակման պահին արդեն հետաձգվել էր:
«Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնությունը հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ: Բռնությունը իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության համար: Առավել ամոթ կլինի, եթե նման գործողությունները չստանան հասարակության համարժեք արձագանքը, իսկ իրավապահ մարմինները լիարժեքորեն չպաշտպանեն իրավապաշտպաններին և չպատժեն մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ:
Ես դեմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը՝ հատկապես ներկա իրավիճակում, երբ ադրբեջանցի դիպուկահարները սպանում են մեր եղբայրներին, երբ ադրբեջանցիները ամենուրեք դրսևորում են ատելություն մեր նկատմամբ, հատկապես վերջերս, երբ Ադրբեջանի նախագահը իր վայրի դրսևորմամբ զարմացրեց և զայրացրեց շատ եվրոպացիների:
Մենք մեզ տեսնում ենք եվրոպացի: Մեր ձգտումները հստակորեն ուղղորդված են դեպի Եվրոպան: Մեր քրիստոնեական և ազգային արժեքները մեզ միշտ են ուղղորդել դեպի մարդասիրություն և հանդուրժողականություն: Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին քարերով արտահայտել իր անհամաձայնությունը: Չի կարող մեր քրիստոնեական հավատամքով, սահմանադրական արժեքներով և օրենքի տառով գործող իրավապահը անտարբեր լինել նման անընդունելի հարձակման դեպքում և շուտափույթ չբացահայտել ու չպատժել կատարված հանցագործության մեղավորներին», – ասված է պաշտպանի հայտարարության մեջ: