Home / Հայաստան / «Սուրբ ու աստված». Փաշինյանի այցելությունների վայրը փոխվում է, մրցակցին գովաբանողների բանակը նույնն է

«Սուրբ ու աստված». Փաշինյանի այցելությունների վայրը փոխվում է, մրցակցին գովաբանողների բանակը նույնն է

Այս պահին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի շուրջ մարդիկ են խմբվել, որոնք գովաբանում են Փաշինյանի մրցակից, գործարար Սամվել Ալեքսանյանին:

Մի խումբ կանանց և երիտասարդների մեջ նկատելի են մարդիկ, ովքեր նախորդ օրերին նույնպես հետևում էին Փաշինյանի շտաբի ներկայացուցիչներին և պահանջում էին «հեռանալ իրենց թաղից»: Չնայած այս պահին Փաշինյանը քարոզչանյութեր է բաժանում  համայնքի մեկ այլ հատվածում, նույն կանայք թաղից հեռանալու պահանջ են ներկայացնում:

Նիկոլ Փաշինյանը, ձեռքով բարևեց կանանցից մեկին` ասելով, որ նա իրենց մշտական այցելուն է:

Կանայք ասել են, որ «Լևոնի կողքը կանգնել ես, բայց իրա ժամանակ վատ էր», իսկ «Ալեքսանյանը աշխատում էր, իրա մեջքի վրա ալյուր էր կրում, որովհետև բանվորի փող չուներ», որից հետո սկսել են վանկարկել` «Հեռացիր»:

Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նույնպես սկսել է վանկարկել «Հեռացիր»: Հարակից շենքերից մարդիկ սկսել են Փաշինյանին ձեռքով ողջունել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը այցելում «իրենց թաղ», Փաշինյանը հայտարարել է, որ իրենց Մալաթիա-Սեբաստաիայում շատ ընտրողներ կան:

Ինչպես և նյախորդ հանդիպումների ժամանակ, կանայք դարձյալ սկսել են հավաստիացնել, որ «Սամվել Ալեքսանյանն իրենց սուրբն ու աստվածն ա»:

Նշենք, որ այսօր Փաշինյանին և նրա շտաբի աշխատակիցներին ուղեկցում էին ոստիկանները:

Լուսանկարը` nikol.am