Սուրեն Զոլյանը իրեն աշխատանքից ազատելու կապակցությամբ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով քննել իր պաշտոնանկության մասին նախարար Արմեն Աշոտյանի կայացրած որոշումը և նախարարի կոմպետենտ լինել չլինելու հարցը: Սուրեն Զոլյանը նաև պատրաստվում է նամակ գրել Եվրախորհուրդ, որի կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար Զոլյանը բացակայել էր երկրից և առաջին նկատողությունը ստացել Աշոտյանից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊԼՀ արդեն նախկին ռեկտորը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել նախարարի որոշումը Հայաստանի դատական ատյաններում, իսկ հաջողության չհասնելու դեպքում պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Զոլյանը հայտարարել է, որ ինքը կսպասի այժմ ընթացող դատական գործընթացի ավարտին, որը կապված է Աշոտյանի` իրեն արված առաջին նկատողության հետ: Լրագրողների հարցին` արդյոք ինքը պատրաստվում է աշխատանքի գալ, Զոլյանը պատասխանել է.
«Եթե [աշխատանքի վայրում] ես մի թուղթ ստորագրեմ, իմ վրա սպեցնազ կբերեն, չգիտե՞ք, գրպանս կարողա նարկոտիկ գցեն, որովհետև դուք տեսաք, թե ինչ մակարդակի են այդ իրավական ակտերը»:
Զոլյանը հիշեցրել է, որ առաջարկել է Աշոտյանին խնդիրը քննարկել ընտրություններից հետո և ռեկտորի կարծիքով, նախարարն այս քայլով վնասում է հենց իր կուսակցության վարկանիշին: Զոլյանը կարծում է, որ Աշոտյանը դիմել է այս քայլին, քանի որ վստահ չէ, որ ընտրություններից հետո կմնա նույն պաշտոնին:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն վարկածին, ըստ որի, իր պաշտոնանկության հետևում կանգնած է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Զոլյանը նշել է, որ այդ խոսակցություններն արդեն երեք տարի է` պտտվում են և անհիմն չեն: 2010 թվականի մարտի 12-ին ԿԳ նախարարությունը հրաժարվել է լիցենզիա տրամադրել Լեզվաբանություն և Միջմշակութային հաղորդակցություն մասնագիտությունների համար, դրանից հետո ԲՈՒՀ-ում կմնար միայն մանկավարժություն մասնագիտությունը: Ըստ Զոլյանի` միայն իր և ԲՈՒՀ-ի ղեկավարության մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է ստանալ անհրաժեշտ արտոնագիրը: Այժմ, Զոլյանի կարծիքով, ինքը հասկանում է, որ դեռևս այն ժամանակվանից ԵՊԼՀ-ն Մանկավարժական համալսարանի հետ միացնելու ծրագիր է եղել:
Անդրադառնալով այսօր ուսանողների կողմից կազմակերպած բողոքի ակցիային, Զոլյանը հերքել է այն լուրերը, թե ակցիան իր նախաձեռնությամբ է իրականացվել: «Նախարարը պետք է իր կուսակցության միտինգներից իմանա, թե որքան դժվար է մարդկանց զոռով տանել հավաքի, այնպես որ պետք է ասեմ, որ ես դրա հետ կապ չունեմ, հավանաբար նախարարը չէր կարծում, որ ուսանողները կարող է սիրեն իրենց ռեկտորին»,-ասել է Սուրեն Զոլյանը: