«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին թիվ 34 ընտրատարածքում առաջադրված Մարտուն Գրիգորյանը խեղկատակություն է համարում նախորդ շաբաթ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (լուսանկարում) դստեր փեսացուի սպանությունը քաղաքականացնելը:
Հիշեցնենք, որ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեղադրանքով արդեն ձերբակալվել է Հարություն Սարգսյանը, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ սպանությունը չի կատարվել խանդի հողի վրա և «դրա թելն ամբողջությամբ տանում է դեպի ԲՀԿ-ի թևը»:
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում Ղուկասյանը վերահաստատել է իր կողմից արված հայտարարությունը:
«Ես նորից եմ կրկնում, որ այդ սպանությունը քաղաքական է, և ոչ մի խանդի հարց չկա։ Նորից հաստատում եմ, որ այդ ամենը եղել է քաղաքական հարթության մեջ։ Ես զարմանում եմ, թե այդ հանցագործը` տղան, ինչ կապ կարող էր ունենալ իմ դստեր հետ, երբ որ իրար ոչ ճանաչել են, ոչ սիրել են, ոչ էլ շփվել են։ Ինչ խանդ, եթե էդ հանցանք կատարողը գիտեր, թե ինչ բան է խանդը, թող գնար իր քրոջն ու մորը խանդեր ու նրանց պատիվը պահեր։ Արի Գյումրի, տես նրա մորից քեզ ինչեր կպատմեն։ Հնարովի բան է, չհավատաք, մուտիլովկա է», – ասել է քաղաքապետը։
Թերթի հետ զրույցում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանն էլ իր հերթին հակադարձել է Գյումրիի քաղաքապետի կողմից արվող հայտարարություններին։
«Այդ սպանությունը քաղաքականացնելն ու սլաքները ԲՀԿ-ի դեմ ուղղելը կատարյալ խեղկատակության է և ինչ-որ մեկի վառ երևակայաթյան արդյունքն է։ Նման բան չկա և չի էլ կարող լինել։ Մեր մտքով նման ստորություն չէր կարող անցնել։ Ինչ մնում է քաղաքապետի ասածներին, ապա ես համամիտ եմ իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ ձեր ասած քաղաքապետը երևակայության լուրջ ավելցուկ ունի», – ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` ինքը ապշում է, թե ինչպես նախընտրական թեժ ժամանակահատվածում նման դժբախտ դեպքը մարդիկ փորձում են օգտագործել` ի շահ քաղաքականության:
«Դա իրոք ցավալի ողբերգություն է, և կարիք չկա այն բերել-կապել քաղաքականության հետ։ Հասկանալի է, թե ինչով է պայմանավորված այս ամեն ինչը, իսկ եթե այդ քաղաքապետն այդքան լավ գիտի ու համոզված է, որ նման դեպք կա, օրեր շարունակ ԶԼՄ-ներին ցուցմունք ու հայտարարություններ տալու փոխարեն, լավ կլիներ այդ ամենը գրավոր ներկայացներ ոստիկանությանը։ Պետք չէ «լավ տղայի» անվան տակ նման հայտարարություններ անել։ Մի կողմից «լավ տղա են» խաղում, մյուս կողմից բացահայտ անպատասխանատու հայտարարություններ են անում։ Այս ամենը իմ անձի հետ կապելը դիտավորության է, գիտակցված ինձ կապում են կրիմինալ դեպքերի հետ, որպեսզի իրենց ունեցած կամ չունեցած թեկնածուին ներկայացնեն որպես ինտելեկտուալ (թիվ 34 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարում է գործարար Արման Սահակյանին-խմբ.)։ Գյումրեցիները ինձ շատ լավ ճանաչում են, և նրանք այս ձեռագրին 2008-ին էլ էին ծանոթ, թե ինչպես ոստիկաններով, շառով-շանտաժով ընտրություններ անցկացվեցին, և ժողովուրդն էլ շատ լավ տեսավ, թե ով ով է։ Այս անգամ էլ ժողովուրդը գիտի, թե ով ով է։ Իսկ ինչ մնում է քաղաքապետին, ապա մենք նրա հետ թշնամիներ չենք, մեր հարաբերությունները շատ նորմալ են», – նշել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Լրագրողի այն հարցին, թե ինչու են այդ դեպքում երկու կողմերը միմյանց նկատմամբ քարեր նետում, Գրիգորյանը հիշեցրել է, որ 2003-ին իրենց ընկերության և բարեկամության շնորհիվ է Ղուկասյանը դարձել քաղաքապետ։
«Մենք ենք իրեն դարձրել քաղաքապետ։ Ցավոք սրտի, գյումրեցոնց այս դժբախտության մեջ մենք էլ մեր լուման ունենք, որ 2003-ին նրան քաղաքապետ դարձրեցինք։ 2007-ին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինքը խոստացել էր, որ մեր կողքն է կանգնելու, սակայն, իր սովորության համաձայն, նա մեզ խաբեց ու «քցեց»: Մեր մեջ որևէ թշնամանք չի եղել, ես ձեզ ասացի այն, ինչ որ եղել է իրականում։ Այսօր նա հեռուստատեսությամբ մարդկանց վրա բացահայտ ցուցմունքներ է տալիս, թե իրեն ինչպես են խփել, բայց ես գիտեմ՝ երբ նրա ջրերը մեկի առվով չեն գնում, նա սլաքը ուղղում է այղ թիմի վրա։ Ասեմ նաև, որ 2007-ին, երբ այղ դեպքերը տեղի ունեցան (Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպվեց-խմբ.), մենք մեր ամբողջ թիմով, շրջապատով կանգնած ենք եղել նրա կողքին, ողջ գիշեր մենք հիվանդանոցում ենք եղել, մինչ կվերջանար նրա վիրահատությունը։ Ուղղակի ապշում եմ` ոնց են պահի շահից ելնելով՝ նման «մուտիլովկաներ» անում։ Եթե ինքը բացահայտ հայտարարում է, որ ինքը մեր թշնամին է, ապա մենք պատրաստ ենք դրան», – նշել է Գրիգորյանը։